ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

13:12 Հայաստան
«Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպությունը հերթական անգամ այցելել է Արցախի սահմանային զորամաս,

որում կայացել է լուսանկարիչ Հակոբ Պողոսյանի «25 տարի անց» խորագրով ցուցահանդեսը։ Լուսանկարներում պատկերված են 1992-93թթ. Արցախյան պատերազմի և տվյալ զորամասի նորօրյա զինվորները: ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչ, ՀՕՄ-ուհի Օ. Գրիգորյանը զինծառայողներին ներկայացրել է կրթական այն հնարավորությունները, պայմանները, որոնցից նրանք կարող են օգտվել ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո։ ՀՕՄ-ը նշված ծրագիրն իրականացրել է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
Աղբյուր՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամ

11:00 Հայաստան
Հոկտեմբերի 16-ից 18-ը Բելառուսի զինված ուժերի գլխավոր ռազմական տեսչության վերահսկողության վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը հանդիպումներ կունենա

ՀՀ ՊՆ ներքին աուդիտի վարչության պետի և վարչության մասնագետների հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն զորքերում ֆինանսատնտեսական գործունեության պլանավորման և վերահսկման առանձնահատկությունները, ստուգումների կազմակերպման կարգն ու յուրահատկությունները, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Մամուլի հաղորդագրություն
 

10:51 Աշխարհում
Հոկտեմբերի 14-ին` Երևանի 2799-ամյակի կապակցությամբ, ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Ա. Սմբատյանն ընդունել է Բեռլինում գործող հայկական 3 շաբաթօրյա դպրոցների սաներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին

Հայկական դպրոցների սաները միջոցառման ընթացքում կատարել են Հայաստանի Հանրապետության հիմնը, Էրեբունի-Երևան երգը: Աշակերտները ներկաների համար նախապատրաստել էին նաև հանդես: Միջոցառման վերջում դեսպան Ա. Սմբատյանը հայկական դպրոցների լավագույն սաներին հուշանվերներ է հանձնել:
Աղբյուր՝ Գերմանիայում ՀՀ դեսպանություն

10:39 Աշխարհում
Հոկտեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Ա. Բաբլոյանը և Իռլանդիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Շ. Օ Ֆարիլը միջպետական հարաբերությունների զարգացման համատեքստում

կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը: Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել բարեկամական խմբերի միջև կապերի ամրապնդումը: Իռլանդիայի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրները բազմաթիվ նմանություններ ունեն: Նա բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ուղղված քայլերը: Շ. Օ Ֆարիլը նշել է, որ Իռլանդիայում ապրող հայերը մեծ ներդրում ունեն երկրի զարգացման գործում:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ

10:25 Աշխարհում
Հոկտեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Ա. Բաբլոյանը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դ. Սիլուրիսը կարևորել են

խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունների առավել ակտիվացումը, համագործակցությունը միջխորհրդարանական կառույցներում:
Անդրադարձ է կատարվել Կիպրոսի հայ համայնքին. նշվել է, որ հայերը Կիպրոսի հասարակության լիիրավ անդամներ են, մեծ դեր ունեն երկրի հասարակական ու քաղաքական կյանքում:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ

10:12 Հայաստան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը հոկտեմբերի 11-ից 13-ը մոնիթորինգային չհայտարարված այցեր է կատարել

ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի ազատազրկման վայրեր, մասնավորապես՝ Վայոց ձորի և Սյունիքի մարզային վարչությունների ոստիկանության բաժիններ և ձերբակալված անձանց պահելու վայրեր, ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ և Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր:
Ուսումնասիրվել են նշված վայրերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, ընդհանուր վիճակը, ինչպես նաև դրանց համապատասխանությունը ներպետական և միջազգային չափանիշներին:
Աղբյուր՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

20:00 Հայաստան
Հոկտեմբերի 19-ին ժամը 18:30 Մոսկվա կինոթատրոնի կապույտ դահլիճում տեղի կունենա ճապոնական ֆիլմերի 12-րդ փառատոնը՝

նվիրված հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարելիցին: Փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ- ում Ճապոնիայի դեսպանությունը և Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ն: Փառատոնին ներկայացված են 7 լիամետրաժ գեղարվեստական ֆիլմեր, որոնք Երևանից բացի ցուցադրվելու են նաև Գյումրի և Էջմիածին քաղաքներում: Բացման արարողությունից հետո  կներկայացվի «Պատմություն սամուրայական խոհանոցի մասին» գեղարվեստական ֆիլմը: Մուտքն ազատ է:
Մամուլի հաղորդագրություն

19:45 Աշխարհում
Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վազնյակը նոր բիզնես է ստեղծել

Գաղափարի համաձայն՝ սթարթափը պետք է ժամանակի ընթացքում վերածվի աշխարհի 30 կրթական կենտրոնների ցանցի:
Աղբյուր՝ The Verge

18:33 Հայաստան
Հոկտեմբերի 23-ին ՀԵՀ- ը կմեկնարկի «Վարչական շրջանի շրջակա միջավայրի մոնիթորինգ և աղտոտիչների թունավորության գնահատում» խորագրով 4-րդ միջազգային գիտաժողովը,

որը կազմակերպվում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ՀԱՊԿ ինստիտուտի Հայաստանի ազգային ներկայացուցչության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից, աջակցում են նաև ՀՀ ճարտարագիտական ակադեմիան, ՀԱՊՀ ուսանողական խորհուրդը և «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն: Գիտաժողովների ընթացքում ուսումնասիրվում են օրգանական նյութերի քիմիան և արտադրության տեխնոլոգիաները, դեղագործական արդյունաբերության հնարանքները և ուսումնասիրվող բնագավառին հարակից այլ խնդիրներ, օրգանական նյութերով աղտոտված հոսքաջրերր մաքրումը և այլն:
Աղբյուր՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամ

17:41 Հայաստան
Հոկտեմբերի 17-ին Սուրբ Անանիա առաքյալի հիշատակության օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Անանիա Առաքյալի մասնատուփ-աջը

Ժամը 09:30-ին Փարպեցի փողոցից թափորի ուղեկցությամբ աջը կբերվի եկեղեցի: Ժամը 10:30-ին կմատուցվի Պատարագ: Մասունքը եկեղեցում կմնա մինչև 17:00: Քրիստոսի 72 աշակերտներից Ս. Անանիան հիշատակվում է Նոր Կտակարանում՝ որպես Պողոս առաքյալին բժշկող ու մկրտող:
Աղբյուր՝ Արարատյան թեմ

17:18 Հայաստան
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները «10.000 պարկ վառելափայտ անապահով և անօթևան ընտանիքներին» ամենամյա բարեգործական ծրագրի շրջանակում վառելափայտ է բաժանում

Ներկայումս կազմակերպությունը ամենածայրահեղ վիճակում գտնվող ընտանիքներին է հիմնականում բաժանում վառելափայտ, որը նախորդ ամիսներին ձեռք է բերվել և կուտակվել է ամերիկահայ բարերար Հերման Խնդիրյանի հովանավորությամբ:
Աղբյուր՝ shirakcentre.am

16:59 Հայաստան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Ս. Կարայանի գլխավորած պատվիրակությունը Գեղարքունիքի մարզպետ Կ. Բոթոյանի ուղեկցությամբ Կալավան գյուղում ծանոթացել է զբոսաշրջային ծրագրի մանրամասներին

Նախարարն իր խոսքում նշել է, որ տպավորված է Կալավանի ծրագրով և եկել է տեղում անձամբ ծանոթանալու գյուղի զբոսաշրջային ներուժին և ծրագրի խնդիրներին։ Սուրեն Կարայանն ընդծգել է, որ պատրաստակամ է աջակցելու ծրագրի թիմին այս  հետաքրքիր գաղափարները կյանքի կոչելու հարցում։ Ներկայացվել են նաև զբոսաշրջիկներիի համար նախատեսված զբոսաշրջային հետաքրքրությունները և ժամանցի տարբերակները։
Աղբյուր՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
 

16:33 Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում Դ. Լոքյանը, ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը, «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լ. Սարգսյանը

և «Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ-ի տնօրեն Ժ. Սարգսյանը ստորագրել են համագործակցության մասին համաձայնագիր, որով ՏԿԶ և ԿԳ նախարարությունները պարտավորվել են ՀՀ տարբեր մարզերում իրենց ենթակայության տակ գտնվող նախատեսված գույքը անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հիմնադրամին և Ընկերությանը, իսկ վերջիններս  էլ նախատեսված տարածքներում հիմնելու են տեխնոպարկեր, որտեղ ներգրավված կազմակերպությունները կազմակերպելու են տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիական մշակումների, ինժիներիայի և տեխնոպարկերի ցանցի կառուցման համար դասընթացներ:
Մամուլի հաղորդագրություն

15:48 Հայաստան
Հոկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 143 հեռախոսազանգ

Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 128-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 15 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 57 հեռախոսազանգ, որոնցից 48-ին լուծում է տրվել, իսկ 9-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

15:30 Հայաստան
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի նախաձեռնությամբ Տաթևի վանական համալիրի բակում տեղի է ունեցել

Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի համերգը։ Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Հայաստանում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ երգչախումբը կատարել է Կոմիտասի, Եկմալյանի, Մոցարտի, Վերդիի և Չայկովսկու ստեղծագործությունները։
Մամուլի հաղորդագրություն

 

15:17 Աշխարհում
Պերուի, Հոնդուրասի, Բոսնիա և Հերցեգովինայի խոհարարները փորձել են համաշխարհային ռեկորդ սահմանել և Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել

Լիմայում 2 տոննա կակաոյից շոկոլադե հսկա սալիկ են պատրաստել, Հոնդուրասում՝ բալեադու ազգային ուտելիքը, որի տրամագիծը մոտ 5.5 մ է, իսկ Սարաևոյում 675 կգ կշռող տորթ են թխել:

15:05 Հայաստան
ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 6 հարկ վճարողի

Դիմում ներկայացրած բիզնեսի 8 ներկայացուցիչներից մեկը չի համապատասխանել սահմանված չափանիշներին: Եվս մեկ դիմում գտնվում է ուսումնասիրության փուլում: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:
Աղբյուր՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ

14:42 Հայաստան
Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցի մի խումբ բնակիչներ Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել են, որ շուրջ երկու ամիս իրենց փողոցի ջրամատակարարումն իրականացվում է խափանումներով

Պաշտպանի կողմից գրություն է ուղարկվել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Բարձրացված խնդիրը լուծվել է, և Գյումրի քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցի ջրամատակարարումն իրականացվում է ըստ հաստատված ժամանակացույցի: Առաջիկայում նախատեսվում է վարկային ծրագրի շրջանակում փողոցն ապահովել շուրջօրյա ջրամատակարարմամբ:
Աղբյուր՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

14:04 Հայաստան
Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Անդրեաս աբեղա Եզեկյանը ծառայության է կոչվել Մայր Աթոռի Հրատարակչական բաժնում

Վերջինս օրեր առաջ է վերադարձել Էջմիածին` ավարտելով ուսումնառությունը Գերմանիայի Այխշտեդ-Ինգոշտադտի կաթոլիկ համալսարանում:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին

13:53 Հայաստան
Հոկտեմբերի 9-ից 13-ը Հարկադիր կատարման ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2577 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 340 հեռախոսազանգի

Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 9 բողոքի: 2017 թվականի հոկտեմբերի 9-ից 13-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1825 քաղաքացի:
Աղբյուր՝ Հարկադիր կատարման ծառայություն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}