ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

17:53 Հայաստան
Երևանի քաղաքապետարանը մայիսի 25-ին 19.00-ին հրավիրում է Ազատության հրապարակ՝ մասնակցելու «Վերջին զանգին» նվիրված ուրախ տոնական համերգային ծրագրին,

որին իրենց մասնակցությունը կունենան հայկական էստրադայի երգիչները։
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

17:25 Հայաստան
ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը հանձնարարել է սեղմ ժամկետներում շտկել հակակարկտային հրթիռների ֆունկցիոնալ թերությունները

Նախարարն ընդունել է ռուսական «ԱՆՏԻԳՐԱԴ» ընկերության, Պոլիմերային նյութերի գիտահետազոտական ինստիտուտի և «Իրվիս» ընկերության առաջատար մասնագետներից կազմված պատվիրակությանը՝ ակադեմիկոս Մագոմեդ Աբաշևի գլխավորությամբ: Քննարկվել են հակակարկտային հրթիռային պաշտպանության պիլոտային ծրագրի շրջանակներում Արմավիրի և Արագածոտնի մարզերում տեղադրված հրթիռային կայանների ու հրթիռների փորձարկման ընթացքում հայտնաբերված ֆունկցիոնալ թերությունների շուտափույթ շտկման և հետագայում ֆունկցիոնալ խաթարումներից խուսափելու նպատակով իրականացվող միջոցառումները:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

17:00 Աշխարհում
ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա. Թումանյանն Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում հանդիպումներ է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և գործարար շրջանակաների ներկայացուցիչների հետ

Կողմերն անդրադարձել են Հայաստան-Իրան հարաբերությունների ներկայիս մակարդակին և հետագա ընդլայնման հեռանկարներին: Դեսպանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ քաղաքական, տնտեսական հարաբերությունների վերջին զարգացումները, ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներում ՀՀ նոր ղեկավարության հռչակած մոտեցումները:
Աղբյուր՝ mfa.am

16:33 Հայաստան
Գործարկվել է բուհերի արտաքին գնահատման զեկույցների բազան, որը կոչված է ապահովելու բարձրագույն կրթության որակի ապահովման և կառավարման թափանցիկությունը եվրոպական կրթական տարածքում

Համաեվրոպական փորձագիտական բազայում կհրապարակվեն նաև հայաստանյան բուհերի վերաբերյալ զեկույցները: Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) DECAR-ում կհրապարակի իր կողմից իրականացված արտաքին գնահատումների և հավատարմագրումների վերաբերյալ փորձագիտական զեկույցները: DECAR-ը ոլորտի շահակիցների լայն շրջանակին հասանելի է դարձնում Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական գրանցամատյանում (EQAR) ընդգրկված գործակալությունների կողմից հավատարմագրմած ուսումնական հաստատությունների վերաբերյալ զեկույցները:
Աղբյուր՝ ՈԱԱԿ 

15:42 Հայաստան
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում «ԵՊԼՀ Ռեստարտ» նախաձեռնությունը կազմակերպել է ուսանողական համագումար,

որի նպատակը ԵՊԼՀ ՈՒԽ-ի ապակուսակցականացման գործընթացն է: Ուսանողների հավաստմամբ ԵՊԼՀ –ում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ՈւԽ-ը գործում է իբրև առանձին կառույց 20-25 հոգուց բաղկացած, ուսանողների մեծամասնության կողմից գործող ՈւԽ-ն չի ընկալվում որպես ինքնավար և ուսանողների շահերն առաջնորդող մարմին: ԵՊԼՀ ՈՒԽ կազմում հիմնականում ՀՀԿ կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչներն են: Ուսանողների շահերով զբաղվելու փոխարեն նրանց մեծ մասը բացարձակ ոչ նպատակային գործունեություն է ծավալում, և շատ դեպքերում անդամությունն ՈւԽ-ին ծառայեցվում է ի շահ իրենց: «Գործող ՈՒխ կանոնադրությունն այլևս իրավական հիմքեր չունի : Բուհում նոր  ՈՒԽ ընտրություններ պետք է անցկացվեն», նշել է ԵՊԼՀ ուսանող Միքայել Նազարյանը:
Աղբյուր՝ ԵՊԼՀ

15:17 Հայաստան
Մայիսի 25-ին «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի քաղաքային մասնաճյուղի մարզահամալիրում կկայանա ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող

«Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթին կմասնակցեն ՀՀ 12 հաստատությունների թիմերը, որոնք կազմավորվել են մրցույթի առաջին փուլի արդյունքների հիման վրա: Մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերին կհանձնվեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վկայագրեր, շնորհակալագրեր, մարզագույք, գավաթներ և մեդալներ:
Մամուլի հաղորդագրություն

15:05 Աշխարհում
Մայիսի 22-ին Լայպցիգի համալսարանում Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ֆակուլտետի ուսանողների և ասպիրանտների համար ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Ա. Սմբատյանը հանդես է եկել

«ԼՂ հակամարտությունը» խորագրով դասախոսությամբ: Բացման խոսքով հանդես է եկել ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Շ. Տրյոբսթը: ՀՀ դեսպանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի ծագումնաբանությունը, անդրադարձել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացին: Դեսպան Սմբատյանն իր ելույթում նշեց նաև, որ հակամարտության խաղաղ և բանակցային տարբերակով լուծմանն այլընտրանք չկա, իսկ հարատև խաղաղության և կայունության հասնելու համար Արցախի Հանրապետությունը՝ որպես հակամարտության կողմ, պետք է լիարժեք ներգրավված լինի բանակցային գործընթացում:
Աղբյուր՝ mfa.am

13:00 Հայաստան
Մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Հ. Ռոստոմյանն այցելել էր ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, ուր նախարարին ներկայացվել է ակադեմիայի տեխնիկական հագեցվածությունը՝

փրկարարական գույքն ու սարքավորումները, փրկարարների վերապատրաստման համար նախատեսված տեխնիկական միջոցները, արագ արձագանքման փրկարարական գույքը և այլն: ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը հանդիպել է նաև ՃԿՊԱ աշխատակիցների և դասախոսական անձնակազմի հետ: Նախարարին ներկայացվել են ԲՈՒՀ-ի առաջնային հրատապության և գերակա խնդիրները: Դրանք հիմնականում առնչվել են տեխնիկական հագեցվածության, օրենսդրական բարեփոխումների, անձնակազմի սակավության և հանրապետության տարբեր կրթօջաններում պլանավորված կրթական ծրագրերի իրականացման հետ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

12:28 Հայաստան
Քննարկել են 2018թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստման աշխատանքների կազմակերպման ընթացքը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զ. Մնացականյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ժ.-Լ. Ա. Ամուգուն և գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Է. Լադսուը քննարկել են նաև գագաթաժողովի հետ կապված բովանդակային և կազմակերպչական մի շարք հարցեր։
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

12:14 Հայաստան
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովն այս տարի կանցկացվի Հայաստանում

Գագաթաժողովի տեխնիկական հարցերի նախապատրաստման շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն ընդունել է «Աժանս Փաբլիք» խորհրդատվական գործակալության պատվիրակության անդամներին, ովքեր պատասխանատու են գագաթաժողովի տեխնիկական հարցերի կազմակերպման համար: Նշվել է, որ հոկտեմբերին Հայաստանում անցկացվող այս միջոցառմանը ներկա կլինեն 50 երկրների ղեկավարներ և պատվիրակություններ, 800-ից ավելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Գագաթաժողովը կլուսաբանվի եվրոպական, աֆրիկյան հայտնի հեռուստաընկերությունների կողմից։
Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

10:25 Աշխարհում
1941 թվականին այս օրը ծնվել է ամերիկացի երգիչ, երգահան, բանաստեղծ, կինոդերասան և նկարիչ Բոբ Դիլանը

Ըստ Rolling Stone ամսագրի կատարած հարցումների՝ նշանակալիության առումով համարվում է երկրորդ երաժիշտը (Բիթլզից հետո) երաժշտության պատմության մեջ:

19:16 Աշխարհում
ՀՀ զինված ուժերի մարզիկ-զինծառայողների հունահռոմեական ըմբշամարտի հավաքական թիմը մայիսի 14-ից 20-ը մասնակցել է Մոսկվայում կայացած զինվորականների համաշխարհային ըմբշամարտի 33-րդ առաջնությանը,

որը կազմակերպում է Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը (CISM): Առաջնությանը հրավիրվել են 22 պետությունների 153 մարզիկներ: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկվել է 9 մարզիկ: Առաջնությանը մասնակցած հայ մարզիկ-զինծառայողները նվաճել են 1 ոսկե 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ:
Մամուլի հաղորդագրություն

19:00 ԼՂՀ
Այսօր եղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը,

որը վարել են հանձնաժողովների նախագահներ Ա. Օհանջանյանը և Ռ. Իսրայելյանը: 2017թ. պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվություններ են ներկայացրել Առողջապահության և Աշխատանքի, սոցիալական ապահովության և վերաբնակցեման նախարարները:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ԱԺ

18:29 Աշխարհում
Մայիսի 22-ին Շվեդիայում ՀՀ դեսպան Ա. Ապիտոնյանը Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված դասախոսությամբ հանդես է եկել Մալմյոյի համալսարանի

«Ռուսաստանի և Կովկասի ուսումնասիրությունների կենտրոն»-ի կողմից կազմակերպած համաժողովին։ Ելույթներից հետո դեսպանը պատասխանել է ներկաների հարցերին: Նույն օրը ՀՀ դեսպանը հանդիպեց Մալմյոյի համալսարանի ռեկտոր Շերստին Թամի և փոխռեկտոր Պեռ Հիլբուրիհեի հետ և զրուցակիցներին հակիրճ տեղեկացրեց Հայաստանի բուհերի՝ Շվեդիայի մի շարք համալսարանների հետ ստեղծված միջբուհական համագործակցության և Շվեդական ինստիտուտի ծրագրերով շվեդական տարբեր համալսարանններում ուսանողների, դասախոսների փոխանակման ծրագրերի մասին։
Աղբյուր՝ mfa.am

17:51 Հայաստան
4 օր շարունակ դեպի Ամուլսարի ոսկու հանք բարձրացող ճանապարհները փակ լինելուց հետո այսօր բացվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով

Ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն հանրությանն անպատասխանատու վերաբերմունք ցույց տված Lydian International կազմակերպությունն է, և Lydian International կազմակերպության գործունեության դադերցումը պայմանավորվում է ի սկզբանե ՀՀ օրենքները չհարգելով գործունեության իրականացմամբ, ի սկզբանե հանրային կարծիքը հաշվի չառնելով: 
Դեպի հանք բարձրացող ճանապարհները նորից կփակվեն, եթե հանքում աշխատող մեքենաները որոշեն բարձրանալ աշխատանքը շարունակելու: Ամուլսարի տարածքից դուրս բերվող մեքենաները կարող են ազատ դուրս գալ՝ առանց խոչընդոտների:
Հայտարարություն

17:12 Հայաստան
Տեղի է ունեցել «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով գնված 21-րդ բնակարանի հանձնման և տնօրհնեքի արարողությունը

Հերթական բնակարանը գնվել է ԱՄՆ «Հայրենիք միության» միջոցով լոսանջելեսաբնակ Կարո և Աղավնի Գուրյանների ֆինանսավորմամբ՝ Շեկոյան ընտանիքի համար։ Ընտանիքը բաղկացած է 6 անձից՝ տատիկը և պապիկը, երիտասարդ ամուսիններ՝ Արան և Քրիստինեն և նրանց 2 երեխաները: 
Ընտանիքը 30 տարի շարունակ բնակվում էր Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգ տնակային ավանում: 
Մամուլի հաղորդագրություն

17:00 Աշխարհում
Մայիսի 13-ին և 18-ին Կանադայի Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում մեկնարկել են Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներ,

որոնք կազմակերպվել էին այդ երկու քաղաքների հայ համայնքային ավանդական կազմակերպություններն ու կուսակցությունները: Միջոցառումներում ելույթներով հանդես է եկել Կանադայում ՀՀ դեսպան Լ. Մարտիրոսյանը: Դեսպան Մարտիրոսյանն իր ելույթում անդրադարձել է Առաջին Հանրապետության ձևավորմանը` ընդգծելով, որ այդ իրադարձությունն ամբողջ հայության համար մի բացառիկ երևույթ էր, որին հայ ազգը սպասել ու որի մասին երազել էր մի քանի հարյուր տարի:
Աղբյուր՝ mfa.am

16:33 Աշխարհում
ՀՀ ԿԳ նախարար Ա. Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի բարձրագույն կրթության, հետազոտության և նորարարության հրավերով մեկնել է Ֆրանսիա`

մասնակցելու 2018 թվականի մայիսի 23-25-ը Փարիզում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) 10–րդ Նախարարական գագաթաժողովին և Բոլոնիայի գործընթացի 5-րդ քաղաքական համաժողովին: Նախարարական գագաթաժողովին մասնակցելու են Բոլոնիայի գործընթացում ընդգրկված 48 երկրների շուրջ 100 պատվիրակներ, կրթության և գիտության նախարարներ:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

16:20 Հայաստան
Ընտանիքի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը

կազմակերպել էր տոնական հանդիպում՝ Երևան քաղաքի խնամատար ընտանիքների և շուրջ 30 երեխաների մասնակցությամբ: Միջոցառման նպատակն էր աջակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, ինչպես նաև նպաստել խնամատարության ինստիտուտի կայացմանը և խնամատար ծնողների թվի ավելացմանը։
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

16:06 Հայաստան
ՀՀ ֆինանսների նախարար Ա. Ջանջուղազյանի հետ հանդիպմանը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դ. Գվինդաձեն հավաստիացրել է,

որ ՎԶԵԲ-ը կշարունակի Հայաստանին ցուցաբերել ինչպես տեխնիկական, այնպես էլ ծրագրային աջակցություն: ՎԶԵԲ գրասենյակի ղեկավարը նշել է, որ իրենց կողմից հիմնականում ֆինանսավորվում է տնտեսության իրական հատվածը: Ինչպես նաև իրականացվում են ծրագրեր առավելապես ֆինանսական և էներգետիկ ոլորտներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության հնարավոր ուղղություններն ու հետագա ընթացքը:
Աղբյուր՝ ՀՀ ֆինանսների նախարարություն
 

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}