ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

19:16 Հայաստան
ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության իրավաբանի, սոցիալական աշխատողի, ինչպես նաև հոգեբանի հաստիքները համալրելու նպատակով

ձեռնամուխ է եղել ծառայության կադրային բանկի ստեղծման աշխատանքներին: 
Աշխատանքով հետաքրքրվածները կարող են իրենց ինքնակենսագրական տվյալները (CV) ներկայացնել [email protected] էլ.փոստին:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ

18:06 Հայաստան
ՀՀ ԿԳ նախարար Ա. Հարությունյանը և Բուլղարիայի դեսպան Մ. Ցոցորկովա-Կայմակչիևան, անդրադառնալով կրթության բնագավառում Բուլղարիայի հետ հարաբերությունների զարգացմանը,

կարևորել են համագործակցության խորացմանն ուղղված գործնական քայլերի իրականացումը:
Անդրադարձ է եղել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում 2016-2022 թվականների համագործակցության մասին» ծրագրին, որի ստորագրումը նախատեսվում է առաջիկա ամսվա ընթացքում: Զրուցակիցների հավաստմամբ` ծրագիրը նոր թափ կհաղորդի հայ-բուլղարական կրթական հարաբերություններին, մասնավորապես, միջբուհական համատեղ նախագծերի իրականացման և կրթաթոշակների փոխանակման գործընթացում:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

 

 

17:25 Աշխարհում
Սեպտեմբերի 21-ին Թբիլիսիի Երիտասարդության ազգային պալատում տեղի է ունեցել Վրաստանում ՀՀ դեսպանության կազմակերպած պաշտոնական ընդունելությունը՝

նվիրված ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին։ Ընդունելությանը ներկա են եղել Վրաստանի կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, մի քանի տասնյակ երկրների դեսպաններ ու դիվանագետներ, հայ և վրացի մտավորականներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։ Խոսքով հանդես է եկել Վրաստանում ՀՀ դեսպան Ռ. Սադոյանը: Ընդունելության ընթացքում ներկաներն ունկնդրել են հայկական ժողովրդական երաժշտություն:
Աղբյուր՝ mes.am

17:12 Աշխարհում
Սեպտեմբերի 21-ին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձին և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին

Ընդունելությանը ներկա են եղել Արտասահմանյան երկրների հետ բարեկամության չինական ասոցիացիայի փոխտնօրեն Ս. Ծինգվուն, ՉԺՀ Կոմկուսի կենտկոմի Միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչներ, ՉԺՀ ժողովրդաազատագրական բանակի Միջազգային ռազմական համագործակցության գրասենյակի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ցը Գուովեյը, ՉԺՀ ԱԳՆ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության, ՉԺՀ կոմերցիայի նախարարության, տարբեր այլ նախարարությունների և պետական հաստատությունների, ընկերությունների ներկայացուցիչներ։
Աղբյուր՝ mfa.am
 

17:00 Աշխարհում
Լատվիայում ՀՀ դեսպան Տ. Մկրտչյանը Լատվիայի գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադառնալով երկկողմ տնտեսական հարաբերությունների խթանման անհրաժեշտությանը՝

ընդգծել է 2019թ. առաջին կեսին հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի նիստն անցկացնելու անհրաժեշտությունը՝ հավելելով, որ ստորագրման ենթակա բոլոր պայմանագրերը և նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտված են: Այս համատեքստում անդրադարձ է եղել նաև «Էյր Բալթիկ» ավիաընկերության կողմից Ռիգա-Երևան կանոնավոր չվերթների վերաբացման անհրաժեշտությանը, ինչը կարող է երկու երկրների միջև առևտրաշրջանառության և զբոսաշրջության աճի համար աննախադեպ առաջընթացի հիմք դառնալ: Լատվիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարը խոստացել է ուշադրության կենտրոնում պահել քննարկված հարցրեը և աջակցել դրանց իրականացմանը:
Աղբյուր՝ mfa.am

16:33 Հայաստան
Սեպտեմբերի 19-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Ա. Սմբատյանը և Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի դաշնային նախարարության պետքարտուղար Թ. Բարայսն անդրադարձել են ԳԴՀ Կանցլեր Անգելա Մերկելի`

Հարավային Կովկաս կատարած այցին և դրա շրջանակներում Հայաստանի և Գերմանիայի միջև տնտեսական ոլորտում ձեռք բերված պայմանավորվածություններին: Կողմերը մասնավորապես ընդգծել են հայ-գերմանական տնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը, հատկապես` տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, տուրիզմի ոլորտներում:
Աղբյուր՝ mfa.am

16:20 Հայաստան
Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 277 հեռախոսազանգ

Շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 207-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 70 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 76 հեռախոսազանգ, որոնցից 56-ին լուծում է տրվել, իսկ 20-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

16:06 Հայաստան
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է,

որ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման և դրանց հետևանքների վերացման 21 վարչական արձանագրություն է կազմվել, որոնց առնչությամբ իրականացվել են օրենքով սահմանված համապատասխան քայլեր: Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

15:44 Աշխարհում
Սփյուռքի նախարար Մ. Հայրապետյանը Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Ազգային միացյալ վարժարան,

որտեղ հանդիպումներ է ունեցել Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Ն. Արք. Ալեէմէզեանի, վարժարանի խորհրդի կազմի՝ դոկտոր Է. Թաշճյանի, Ն. Վեքիլյանի և Գ. Էքմեջյանի հետ: Քննարկվել են առկա խնդիրներն ու մարտահրավերները: Նախարարը շրջայց է կատարել վարժարանում, նորակառույց համալիրի տարածքում: Մ. Հայրապետյանն այցելել է նաև Հայաստանից դուրս գոյություն ունեցող հայկական միակ բարձրագույն ուսումնական հաստատություն՝ Բեյրութի Հայկազյան համալսարան, որտեղ հարցուպատասխանի ձևաչափով սփյուռքի նախարարը հանդիպում է ունեցել համալսարանի ուսանողների հետ:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն

15:17 Հայաստան
Սեպտեմբերի 25-ին 10:30-ին, ՀՀ ԳԱԱ նախագահությունում իր աշխատանքները կսկսի «Քիմիական ֆիզիկայի արդի խնդիրները» V միջազգային գիտաժողովը`

նվիրված ՀՀ ԳԱԱ-ի հիմնադրման 75-ամյակին և ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի հիմնադիր ակադեմիկոս Ա. Նալբանդյանի 110-ամյակին: Գիտաժողովին կմասնակցեն գիտնականներ Ավստրիայից, Բելառուսից, Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Չինաստանից և Ռուսաստանից: Կընդհանրացվեն քիմիական ֆիզիկայի բնագավառում վերջին տարիներին ստացված արդյունքները: Գիտաժողովին բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռ. Մարտիրոսյանը, ՀՀԿԳ նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ս. Ալդոշինը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լ. Թավադյանը:
Աղբյուր՝ ՀՀ ԳԱԱ

13:12 Հայաստան
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի քարտուղարության հայտարարությունը Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ

«Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երևանի ավագանու իսկապես ազատ ընտրությունները վկայեցին, որ երկրում ժողովրդավարություն հաստատելու համար առաջացել է աննախադեպ դրական իրավիճակ:
Նշանակալից էր այն հանգամանքը, որ ժողովուրդն իր ազատ կամքով մերժեց հին ուժերին և կողմնորոշվեց դեպի ապագան: Շնորհավորում ենք Իմ Քայլը դաշինքին նրա տարած համոզիչ հաղթանակի առթիվ և Հայկ Մարությանին ու նրա թիմին մաղթում ենք արգասաբեր աշխատանք...»:
Սասնա Ծռեր համահայկական կուսակցություն

12:14 Հայաստան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ա. Հակոբյանն ընդունել է ՀԲ պատվիրակությանը`Տրանսպորտի և ՏՀՏ պրակտիկայի մենեջեր Խ. Գավիրիայի գլխավորությամբ

Նախարարը նշել է, որ ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում»-ը նախարարության լավագույն ծրագրերից է, որը մեծ խանդավառությամբ է ընդունվում նաև համայնքների բնակիչների կողմից: Ծրագիրն իրականացվում է արդեն 10 տարի՝ երկու փուլով. ներդրվել է 85 միլիոն դոլար ու վերականգնվել է շուրջ 600 կմ ճանապարհային ենթակառուցվածք:
Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

16:20 Հայաստան
«Ականատես» դիտորդական առաքելության շուրջ 160 դիտորդներ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն են իրականացնելու 80 ընտրատեղամասերում՝

Երևանի բոլոր վարչական շրջաններում։ Բոլոր դիտորդներն անցել են հատուկ վերապատրաստում և գործելու են դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների վարքագծի կանոնների համաձայն՝ հաղորդելով օբյեկտիվ և անկողմնակալ տեղեկատվություն ընտրական գործընթացի վերաբերյալ: Քվեարկության օրն աշխատելու է իրավաբանների թիմ: Ընտրությունների օրն, ըստ անհրաժեշտության, նախաձեռնությունը կտարածի մամուլի հաղորդագրություններ, տեղեկատվություն կհրապարակվի «Ականատես» դիտորդական առաքելության և դրա անդամների Facebook-յան էջերով, ինչպես նաև transparency.am և asparez.am կայքերով։
 

 

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}