ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և Նիկոլ Փաշինյանը չմասնակցեցին Զարուհի Փոտանջյանի օրինագծի քվերակությանը
ՀՀ Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների և այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու և դատապարտելու մասին» օրինագիծը:
Քվեարկությունից առաջ Զ. Փոստանջյանը հայտարարեց. «Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանն իր ելույթում ասաց, որ նա այլևս պահանջատեր չէ և այս օրինագծի վերաբերյալ կարծիք արտահայտեց, թե իբրև նման օրինագծի ընդունմամբ ինքն ընկնելու է պատասխանատվության տակ և վախենում է այդ պատասխանատվություն….»:
«Նման միջադեպ չի եղել, անջատեք խոսափողը, զրպարտությունների շարքը թողեք»,- ընդհատելով Զ.Փոստանջյանին՝ հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Այնուհետև, անդրադառնալով Զ.Փոստանջյանի օրինագծին՝ ԱԺ նախագահը ներկայացրեց ՀՀԿ խմբակցության տեսակետը. «Որպեսզի Ձեզ չվիրավորենք որոշել ենք այդ անհեթեթ որակումներով շարադրանքը, որը մեր ազգային երազանքն է, բայց ոչ օրենքի խնդիր, քվեարկության չմասնակցել»:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենք նույնպես չեն մասնակցելու քվեարկությանը:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այս հարցը քննարկելու ժամանակ ևս քվեարկության չի մասնակցել. «Ուզում եմ ասեմ, որ իմ չմասնակցելը քվեարկությանը որևէ կապ չունի ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի քվեարկությանը չմասնակցելու հետ»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարեց, թե մեծ ցանկության դեպքում էլ կապը դժվար թե գտնեին: