«Տարածքները, որտեղ ապրում են սոցիալապես անապահով ընտանիքներ, հարկավոր է նվիրաբերել նրանց»
Գորիս քաղաքի Կոմերիտմիության 2 հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող բնակիչները գրություններով դիմել են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն և խնդրել են իրենց նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները՝ մշտական բնակության վայր ունենալու նպատակով: Գործադիրի այսօրվա նիստում հանրակացարաններում երկար տարիներ բնակվող տեղաբնակ բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով ընդունվեց «Բնակելի տարածք նվիրելու մասին» որոշում. այսպիսով՝ կլուծվի 20 ընտանիքի բնակարանային խնդիրը:
Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել 2007թ. մայիսի 31-ի՝ «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը գույք ամրացնելու և որպես բնակելի ֆոնդ նվիրաբերելու մասին» որոշման համապատասխան պարբերությունը: Վերոնշյալ որոշմամբ Երևան քաղաքի Մոլդովական 12 հասցեում գտնվող 4-րդ և 5-րդ մասնաշենքերի նկուղները և առաջին հարկերն առանձնացվել են Նոր Նորք ուսանողական ավանի գույքի կազմից և ամրացվել են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը՝ դրանք հետագայում օտարելու և օտարումից ստացված միջոցներից ընկերության կրեդիտորական պարտավորությունները մարելու պայմանով:
Նշված տարածքները ներկայումս ապօրինաբար զբաղեցված են. դրանց զգալի մասը որպես բնակելի տարածք օգտագործվում են սոցիալապես անապահով ընտանիքների կողմից: ՀՀ կառավարության 2015թ. ընդունված որոշման համաձայն՝ նշված տարածքներից մի մասը ներկայացվել են օտարման, սակայն հայտարարված մրցույթների արդյունքում օտարվել է դրանցից միայն երկուսը:
Անցյալ տարեվերջին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի մոտ կայացել է խորհրդակցություն, ինչի արդյունքում, հաշվի առնելով նշված տարածքներում փաստացի բնակվող ընտանիքների սոցիալական դրությունը, որոշվել է Նոր Նորք ուսանողական ավանի կրեդիտորական պարտավորությունների մարումը իրականացնել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող այլ միջոցների հաշվին՝ համապատասխան փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 31-ի համապատասխան որոշման մեջ:
Անդրադառնալով հարցին՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ այն տարածքները, որտեղ ապրում են սոցիալապես անապահով ընտանիքներ, հարկավոր է նվիրաբերել նրանց:
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով առաջարկվում է կարգավորել Երևանի Պարոնյան փողոցի հ.42/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի հողամասն այլ սեփականատիրոջ հողամասի հետ համադրվելու խնդիրը: Որոշմամբ կկարգավորվեն իրականացվող քաղաքաշինական ծրագրի շրջանակում այդ հասցեում բազմաբնակարան շենքի կառուցման հետ կապված խնդիրները և կլուծվի Երևանի Կոնդ թաղամասի բնակիչների բնակարանային խնդիրը: