Սեպտեմբերի 19-ին «Մշակութային կազմակերպություն-դպրոց» ծրագրի շրջանակում Երևան կայցելի շուրջ 160 երեխա
Մշակույթ
13:09 17/09/2016
Հայաստան

Սեպտեմբերի 19-ին «Մշակութային կազմակերպություն-դպրոց» ծրագրի շրջանակում Երևան կայցելի շուրջ 160 երեխա

Մեկնարկում է ՀՀ կառավարության ծրագրում ներառված «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման պիլոտային ծրագրի նոր փուլը` նվիրված ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Մշակույթի նախարարության մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչություն պետ Արմինե Խաչատրյանը հայտնեց, որ ծրագրով նախատեսվում է ԼՂՀ , ՀՀ մարզերից և սահմանապահ համայնքներից դպրոցական երեխաների գիտամշակութային այցելություն մայրաքաղաքի մշակութային օջախներ:

«Շուրջ 160 երեխա սեպտեմբերի 19-ին կայցելի Երևան: Սրան նախորդող փուլը ՝ մայիս-հունիս ամիսներին, շատ հաջող ընթացավ: Միտված ենք ծրագիրը դարձնել շարունակական: Այս տարի ապրիլյան պատերազմից հետո ծրագրում ընդգրկվեցին նաև Արցախի երեխաները` մասնավորապես Թալիշ, Մարտակերտ, Մատաղիս համայնքներից»,-նշեց Ա. Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ պարբերաբար միանում են սիրիահայ երեխաներն ու Երևանի հանրակրթական դպրոցների երեխաները:

Հանդիպմանը ներկա Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանն էլ ընդգծեց, որ այս ծրագիրը գիտաճանաչողական նշանակություն ունի. «Երեխաներն այցելում են մայրաքաղաք, մշակութային օջախներում ներկա են գտվում տարբեր միջոցառումների: Ծրագիրն այնպես է կազմվել, որպեսզի մշակույթի տարբեր բնագավառներին երեխաները մասնակից դառնան՝թատրոն, թանգարան, համերգային ծրագրեր և այցելություններ տեսարժան վայրեր»:

Գագիկ Մանասյանն ասաց, որ մինչ այցելությունները, երեխաների համար պատրաստում են մի փոքր սոցիոլոգիական հետազոտություն. «Բաժանում ենք հարցաթերթիկներ, որտեղ կա նաև հետևյալ հարցը՝ թե որտե՞ղ կցանկանան մայրաքաղաքում լինել: Եվ հետագա բոլոր ծրագրերը կազմում ենք ըստ այդ հետազոտությունների: Օրինակ կենդանաբանական այգին կապ չունի, բայց քանի որ երեխաները գրել են, դա էլ ենք ներառել»:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենը հավելեց նաև, որ օրինակ, եթե երեխանները պետք է դիտեն «Անուշ» օպերան, մինչ ներկայացումը երեխաները ճանաչողական զբոսանք են կատարում Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքով, ծանոթանում գրիմանոցներին, տեսնում թե որտեղ են պատրաստվում դերասանները, ծանոթանում են բեմի հետևում կատարվող իրադարձություններին:

ՀՀ կառավարության ծրագրում ներառված «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման պիլոտային ծրագիրը մեկնարկել  է 2015 թվականին։ Այն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան:

Placeholder
Սեպտեմբերի 19-ին «Մշակութային կազմակերպություն-դպրոց» ծրագրի շրջանակում Երևան կայցելի շուրջ 160 երեխա