ԿԸՀ-ն գրանցեց ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների և դաշինքների ցուցակները
Քաղաքական
11:39 25/02/2017
Հայաստան

ԿԸՀ-ն գրանցեց ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների և դաշինքների ցուցակները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում ներառված է 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացված ընտրական ցուցակների գրանցման մասին հարցը:

Նշենք, որ ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն: ԿԸՀ իրենց փաստաթղթերն էին ներկայացրել Հանրապետական, Հ.Յ. Դաշնակցություն, «Հայկական վերածնունդ»,  «Ազատ դեմոկրատներ» և Հայաստանի կոմունիստական կուսակցությունները:Իսկ դաշինքները, որոնք նույնպես ներկայացրել են առաջադրման փաստաթղթեր, հետևյալն են՝ «Ծառուկյան», «Ելք», ՀԱԿ-ՀԺԿ և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»:

ԿԸՀ-ն  ուսումնասիրել է կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների  ներկայացրած բոլոր փաստաթղթերը, առկա են եղել տեխնիկական վրիպակներ, որոնք ուղղվել են:

Այսօրվա նիստում ԿԸՀ-ն որոշեց գրանցել հայտ ներկայացված բոլոր կուսակցությունների, կուսակցությունների դաշինքներիընտրական ցուցակները և տարածքային ընտրական ցուցակները:

Նշեք, որ Կոմունիստական կուսակցության ցուցակներում ընդգրկված մի քանի թեկնածուների փաստաթղթերի թերի էին: Տրվել էր 48 ժամ: Անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել էին: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու գրանցվելու համար ներկայացված փաստաթղթերում  (երկու թեկնածուի) նույնպես թերություններ էին եղել: Կրկին տրվել էր 48 ժամ, որը լրացել էր փետրվարի 24-ին ժամը 18:00-ին, սակայն նիստի ընթացքում հայտարարվեց, որ այդ թերությունները սահմանված ժամկետում չեն շտկվել: 

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ընտրական ցուցակի 23 համար անկուսակացական  Վլադիմիր Առաքելյանի և 127 համար  «Համախմբում» կուսակցությունից Սամվել Մելիքյանի թենածության գրանցումը մերժվեց:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ ընդհանուր առմամբ համապետական ցուցակներում ընդգրկված էր 1538 թեկնածու:  Մինչև ցուցակների գրանցումը չորս թեկնածու ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել, մեկ թեկնածու մահացել էր, երկու թեկնածուի գրանցում մերժվել է: Նա տեղեկացրեց, որ որպես թեկնածու գրանցվել է 1531 քաղաքցի, որոնց մեջ ներկայացված չեն փոքրամասնությունների ներկայացուցիչները:

Placeholder
ԿԸՀ-ն գրանցեց ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների և դաշինքների ցուցակները