Կոնգրես-ՀԺԿ դաշինքը բարձր դատարանին չներկայացրեց հաստատված որևէ ապացույց. Տիգրան Մուկուչյան
Իրավունք
10:11 28/04/2017
Հայաստան

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը բարձր դատարանին չներկայացրեց հաստատված որևէ ապացույց. Տիգրան Մուկուչյան

«Դատավարության ընթացքն ակնհայտորեն վկայում է դիմումում ներկայացված դատողությունների սնանկությունը, այդ դատողությունները չէին պարունակում փաստարկված  ապացույցներ»,-  ՍԴ-ում ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննության եզրափակիչ ելույթում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, ով այս գործով պատասխանող կողմ է:

Նրա խոսքով, ներկայացված, իբր թե,  ապացուցող փաստարկները կամ հավելվածները, մեղմ ասած, իրենցից որևէ իրավական արժեք չէին ներկայացնում:

«Հայաստանի Հանրապետության պատմության ողջ ընթացքում բարձր դատարանում առաջին անգամ քննվեց ընտրությունների  հետ  կապված դիմում, որը ոչ միայն փաստարկներում, այլև կից ներկայացված, այսպես կոչված, փաստաթղթերի տրցակում առկա չէր գեթ մեկ պատշաճ կազմված փաստաթուղթ, որը  ներկայացված է դիմողի հետ որևէ կապ ունեցող ընտրական իրավահարաբերությունների սուբյեկտի կողմից՝ վստահված անձ, դիմողի ցուցակում ընդգրկված թեկնածուներ, հանձնաժողովի անդամներ, ինչու չէ նաև դիտորդներ»,- ասաց ԿԸՀ նախագահը:

Նա նշեց, որ ներկայացված հավելվածները չունեին առաջնային բնույթի որևէ նյութ:

«Դատավարության  ընթացքում հստակ ընդգծվեց, ամրագրվեց մեկ հանգամանք՝ դիմող կողմն իր դիրքորոշումները ներկայացնելու ժամանակ կոնկրետ հանգամանքներին անդրադառնալու փոխարեն ավելի շատ քննարկման առարկա դարձրեց օրենսգրքի դրույթների ընկալման, մեկնաբանման հիմնահարցերը, դրանց վերաբերյալ  տարաբնույթ տեսական հիմնախնդիրներ բարձրացնելը: Շարադրեց  իր մոտեցումները՝ բարձր դատարանին չներկայացնելով հաստատված որևէ ապացույց: Ներկայացվածը հիմնականում  իրավական հիմքերից զուրկ դատողություններ էին, կամ առանձին կանոնակարգումների վերաբերյալ  անհամաձայնության դրսևորումներ»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:

Նա խոսեց նաև ԿԸՀ գործունեության մասին. «Դահլիճում էլ այդ մասին խոսվեց: Իսկ կային արդյո՞ք թերություններ ԿԸՀ գործողություններում: Իհարկե, չի կարող լինել իդեալական աշխատանք: Մենք փորձել ենք ամեն ինչը կազմակերպել՝ հիմքում ունենալով Ընտրական օրենսգրքի բոլոր կանոնակարգումները, պահանջները, բայց կարող էին լինել  թերություններ:

Մի թերության մասին խոսեմ, որը շատ ուշ հայտնաբերեցինք: Դահլիճում քննության առարկա դարձավ լիազորագրի ինստիտուտի հարցը: Հարց  բարձրացվեց, թե ի՞նչ կարգով է տրվում լիազորագիրը Հայաստանի ժողովրդական կուսակցության կողմից: Փաստեմ հետևյալը: Համաձայն կանոնադրության, կուսակցության նախագահն է ներկայացնում կուսակցությանը իշխանության մարմիններում, ստորագրում համաձայնագրեր, հանդես գալիս հայտարարություններով: Կա մի հետաքրքիր կետ՝ նախագահի բացակայության ժամանակ նրա պարտականությունների կատարումը նրա առաջարկությամբ դրվում է  ՀԺԿ վարչության քարտուղարներից մեկի վրա, այսինքն ոչ թե միանձնյա է դնում, այլ որոշմամբ:

Երբ քննում էինք անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը, ներկայացվել էր լիազորագիր, երբ հետո ստացանք ՍԴ-ից ներկայացված դիմումի լիազորագիրը ու համեմատեցինք, ժամանակին չէինք կարող դա պարզել, հետո պարզեցինք, որ մեզ ներկայացված լիազորագրի տակ անգամ Ստեփան Դեմիրճյանի ստորագրությունը դրված չի: Անհասկանալի անձի ստորագրություն էր դրված: Այո, գուցե պետք է ժամանակին հայտնաբերվեր, որ այս դիմումը ընդհանրապես քննության առարկա չդարձվեր, որովհետև լիազորագիրը չէր կարող համարվել պատշաճ: Արդյունքում իրենց օգտին է դա տեղի ունեցել:

Ստեղծվում է հին Ռուսաստանի դրուժինաների ինստիտուտը, տպավորություն է՝ ով առավոտյան արթնանում է, դառնում է այդտեղ այդ օրվա  ղեկավարն ու նաչալնիկը»։

Նա նաև նշեց. «Դիմողը իր ելույթի խոսքը սկսեց դեժավյուով: Այո, ես կարծում եմ, ամբողջ կյանքը կարող է դառնալ դեժավյու, եթե շարժվում են ոչ թե առաջ, այլ հետ: Ինչպես ասում են՝ սա այն դեպքն է, երբ հստակ կանխորոշվում է, բայց թերևս, ցավոք, բուժում չկա»:

Տիգրան Մուկուչյանը ելույթի վերջում ասաց, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ կայացրած որոշումը միանշանակ համապատասխանում է ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջներին, դատաքննության ընթացքում չներկայացվեցին իրավական հիմնավորումներ կապված այդ որոշման իրավաչափության հետ, ուստի հայցը հիմնազուրկ է, ենթակա մերժման:

«Խնդրում ենք մերժել հայցը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը թողնել ուժի մեջ»,- նշեց Տիգրան Մուկուչյանը:

Placeholder