Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ես եկել եմ իմ ճակտի քրտինքը խառնելու հայ շինականի քրտինքին, որպեսզի մեր երկիրը՝ իմ Հայաստանը, վերաշինենք»
«Թերլեմեզյանի գեղարվեստական կտավները, որոնք արտացոլում են մեր լեռնային հրաշալի հայրենիքը, միշտ մեր նկարասրահների զարդը կլինեն»,- խոսքերի հեղինակն է Մարտիրոս Սարյանը՝ ուղղված Փանոս Թերլեմեզանին:

Այսօր նկարիչ և հասարակական գործիչ Փանոս Թերլեմեզյանի ծննդյան օրն է:
150 տարի...
Փ. Թերլեմեզյանը ծնվել է Վան քաղաքի Այգեստան արվարձանում 1865 թվականին։ Սովորել է տեղի տարրական դպրոցում (1870), որտեղ էլ առաջին անգամ սեր է արթնանում նրա մեջ դեպի նկարչությունը։ 1881-86 թվականներին սովորել է Վանի կենտրոնական վարժարանում։ Այդ տարիներին հարել է Արմենական կազմակերպությանը։ 1889 թ. հարում է սուլթանական կառավարության դեմ պայքարող երիտասարդական խմբավորման, որի համար հետապնդվում է և1890 թ. Թուրքական իշխանությունների կողմից հեռակա դատվում է։
1893 թ. փախչում է Իրան, ապա մեկնում Թիֆլիս աշխատանք որոնելու։ 1894 թ. Թիֆլիսում աշխատում է նախ տպարանում, ապա «Մշակ» թերթի խմբագրատանը, իսկ 1895 թ. մեկնում է Պետերբուրգ և ընդունվում գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցը։ 1897 թվականի ամռանը ընկերների հետ մեկնում է Էստոնիա ստեղծագործելու։ Այնտեղ էլ Թուրքական կառավարության պահանջով ձերբակալվում է, ապա ուղարկվումԹիֆլիսի Մետեխի բանտ, հետո՝ Երևան, իսկ այստեղից աքսորվում Իրան, որտեղից 1898 թ. գաղտնի մեկնում է Փարիզ և 1899 թ. ընդունվում է Փարիզի Ժյուլիան գեղարվեստի ակադեմիան։
1904 թ. Փանոս Թերլեմեզյանն ակադեմիական ցուցահանդեսին ներկայացրած աշխատանքների համար արժանանում է առաջին մրցանակի։ Նույն թվականին, վերջացնելով ուսումը, վերադառնում է Հայաստան, 1905 թ. շրջագայում է հայրենի բնաշխարհում նկարում «Լոռեցի հովիվը», «Սանահինի վանքի գավիթը» և այլ նկարներ։ Փ. Թերլեմեզյանը սկսած 1907 թ., դարձյալ սկսում է ճանապարհորդել տարբեր երկրներ և իր ստեղծագործությունը հարստացնում է նոր կտավներով։ Լինում է Եգիպտոսում, Փարիզում, Պոլսում, Իզմիրում, Բուրսայում, Կուտինայամ և, վերջապես, 1915 թ. իր ծննդավայր Վանում։
Թերլեմեզյանն 1908-1910 թթ. ապրում և ստեղծագործում է Փարիզում։ Նկարում է Շիրվանզադեի դիմանկարը։ 1910թ. մեկնում է Պոլիս։ Այնտեղ մտերիմ փոխհարաբերություն հաստատում Կոմիտասի, Դանիել Վարուժանի,Սիամանթոյի, Երվանդ Օտյանի և ուրիշների հետ։ Փ. Թերլեմեզյանը լայն ծանոթություն է հաստատում իր շրջանի հայ առաջավոր մտավորականների` Հ. Թումանյանի, Գ. Բաշինջաղյանի, Կոմիտասի, Ե. Թադևոսյանի և ուրիշների հետ։ Լինում է Դսեղում, մեծ լոռեցու հետ անցնում է Լոռին, գնում որսի։ Հ. Թումանյանին նկարում որսորդական զգեստով։
1912 թվականին Փանոս Թերլեմեզյանը Կոմիտասի հետ մեկնում է նրա ծննդավայրը՝ Կուտինա, որտեղ էլ ստեղծում է Կոմիտասի դիմանկարը։ 1914 թվականին նա ստեղծագործական շրջագայություն է կատարում դեպի Վան։ Նկարում է «Սիսփան սարը Կտուց կղզուց», «Վանա լիճը» բնանկարները։
1915 թ. Վանի հերոսական պաշտպանությանը ակտիվ մասնակցելուց, ծննդավայրի հանդեպ քաղաքացիական պարտքը սրբությամբ կատարելուց հետո Թերլեմեզյանը անցնում է Անդրկովկաս, ապա՝ Պոլիս, Իտալիա, նորից Փարիզ և 1923թ. մեկնում է Ամերիկա, ուր մնում է մինչև 1928թ., մինչև մայր հայրենիք՝ Սովետական Հայաստան վերջնական վերադարձը։
1923 թ. նա ուղևորվում է Ամերիկա։ Կազմակերպում անհատական ցուցահանդեսներ Նյու-Յորքում, Ֆրեզնոյում։
1924 թ. Ամերիկայում կտակ է ձևակերպում՝ իր մահից հետո ամբողջ դրամական և նյութական ունեցվածքը նվիրելով Հայաստանի ազգային թանգարանին, որն էլ նրա մահից հետո ի կատար է ածվել։
1928 թ. Փերլեմեզյանը վերադառնում է Հայաստան, որտեղ ապրում և ստեղծագործում է մինչև իր կյանքի վերջը։ Երևանում կազմակերպվում է նրա անհատական ցուցահանդեսը։ Երևանում, ծննդյան 75-ամյակի առթիվ կազմակերպված անհատական ցուցահանդեսի բացմանը, Թերլեմեզյանը ասել է. «Ես եկել եմ իմ ճակտի քրտինքը խառնելու հայ շինականի քրտինքին, որպեսզի մեր երկիրը՝ իմ Հայաստանը, վերաշինենք» («Պատմաբանասիրական հանդես», 1965 թ., N 4, mikayelyalanuzyan.blogspot.com):
1928-1930 թթ. ստեղծագործական շրջագայություն է կատարում Գորիս, Ղափան, Տաթև, Ալավերդի, Ձորագես, նկարելով արդյունաբերական թեմաներով պատկերներ, բանվորների դիմանկարներ բնանկարներ։ Ստեղծում է Ռոմանոս Մելիքյանի, Ավետիք Իսահակյանի, Հրաչյա Աճառյանի, Ակսել Բակունցի և այլոց դիմանկարները։
Փանոս Թերլեմեզյանը վախճանվել է 1941 թ. Երևանում։ Թաղված է Կոմիտասի անվան այգու Պանթեոնում։ Հայաստանի կառավարությունը Թերլեմեզյանի անունով է կոչել Երևանի գեղարվեստական ուսումնարանը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Փ. Թերլեմեզյանի կտակի համաձայն Հայաստանի ազգային պատկերասրահին հանձնվել է շուրջ 800 աշխատանք:
Թերլեմեզյանի ստեղծագործությունը համահնչուն էր իր ապրած ժամանակաշրջանի տրամադրություններին և գեղարվեստական ձևերի ռեալիստական արտահայտությամբ մատչելի ժողովրդի լայն խավերին։ Այդ է պատճառը, որ նրա արվեստը բարձր գնահատվեց ժողովրդի կողմից և սիրելի դարձավ բոլորին։
«Թերլեմեզյան նկարիչը այն անհատներից է, որոնք իրենց ժամանակի և մայր ժողովրդի կյանքի հետ են ընթացել, ոչ միայն ստեղծագործական իմաստով, այլ իրենց կյանքով»,- ասել է արվեստաբան Շահեն Խաչատրյանը:

Երաժշտագետ Կոմիտասը


«Գաղթողները ողբում են իրենց հայրենիքը» նկարի էսքիզը

«Մայրը որոնում է դիակների մեջ իր որդուն» նկարի էսքիզը

Ակսել Բակունց