Գերակա  հանրային շահ է ճանաչվել Երևանի կենտրոնում գտնվող մի շարք տարածքների նկատմամբ
Հասարակություն
17:26 25/02/2016
Հայաստան

Գերակա հանրային շահ է ճանաչվել Երևանի կենտրոնում գտնվող մի շարք տարածքների նկատմամբ

Գործադիրն ընդունել է Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշում:

Դա հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ ոչ սեյսմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիսացող բնակելի ֆոնդը և գլխավոր պողոտայի վերոնշյալ տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ թաղամասը վերակառուցելու նպատակը պատմական կառուցապատված տարածքների կիրառական-գեղագիտական բարելավումն է, կանոնավոր կառուցապատմամբ արգելանոցային գոտու սահմանումը և ներգրավումը քաղաքի կենսագործունեության մեջ:

«Պատմական կառույցների հիմնական ֆոնդում 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի շինություններն են, որտեղ յուրաքանչյուր կառույց ուրույն երանգ է հաղորդում փողոցների ճարտարապետագեղագիտական ձևավորման և ցուցադրանքի արտահայտչականության մեջ: Արգելանոցային գոտու տարածքը լրակազմվում է այլ փողոցներից կազմաքանդված 15 պատմական կառույցներով: Ճարտարապետական նախագծի մտահաղացման նպատակն է` վերստեղծել այն միջավայրը, որով կարդիականացվի տարածքը, կամրացվեն կիրառական ենթակառուցվածքները, միաժամանակ կմեծանա տարածքի առևտրային և մշակութային նշանակությունը:

Տարածքի նկատմամբ նոր բացառիկ` գերակա հանրային շահ սահմանելը, հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ ոչ սեյսմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիսացող բնակելի ֆոնդը և Գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը»,- նշված է հիմնավորման մեջ:

Placeholder