Ավտորիտար ռեժիմի կնքահայրը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը. Զարուհի Փոստանջյան
Նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը ցույց է տալիս, որ իշխանությունները չեն պատրաստվում անցկացնել ընտրություններ: Այդ մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
«Մեր գործը պետք է լինի թույլ չտալ, որ նման փաստաթուղթ ընդունվի ԱԺ-ի կողմից»,-հավելեց Փոստանջյանը:
Նրա խոսքով, Ընտրական օրենսգրքի նախագծի մի քանի դրույթների հետ կապված ընդդիմադիր քաղաքական ուժերն ունեն միասնական դիրքորոշում, մասնավորապես, ընտրացուցակների մաքրումը, ընտրություններից հետո ստորագրված ցուցակների հրապարակումը, համամասնական փակ ցուցակները և այլն:
«Ոչ միայն քաղաքական ուժերը պետք է այս միասնական դիրքորոշումը հայտնեն: Այս պահանջը պետք է լինի զանգվածային և պահանջը չպետք է լինի միայն ԱԺ դահլիճում: ԸՕ-ն համարվում է սահմանադիր օրենք, մենք սահման ենք գծում և դրանից է կախված մեր ապագա քաղաքական համակարգը: Եթե քաղաքական համակարգը լինելու է ավտորիտար, իսկ իրենց նախագծով երևում է, որ չեն պատրաստվում հեռանալ, ապա մենք պետք է հասկանանք, որ ընտրում ենք համակարգ», -հայտարարեց Փոստանջյանը:
Հարցին, թե «Ժառանգություն» կուսակցությունը միացել է ընդդիմադիր մյուս ուժերին նույն պահանջների շո՞ւրջ, Փոստանջյանն ասաց. «Ավտորիտար ռեժիմի կնքահայրը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը: «Ժառանգությունը» տասը տարի է` ներկայացված է խորհրդարանում, իսկ իրենք միայն այս մի քանի տարին են աշխատում ԱԺ-ում, իրենք պետք է մեզ միանան, ոչ թե մենք իրենց»:
Լրագրողի դիտարկմանը, թե ինչպե՞ս է ավտորիտար համոզմունքներով առաջնորդվող ուժը միացել «Ժառանգության» ժողովրդավար պահանջներին, Փոստանջյանը պատասխանեց. «Կան խնդիրներ, ավտորիտար ռեժիմից օգտվելու հնարավորություններն են քչացել, դրա համար են միացել»: