Կայացավ Վարդան Դևրիկյանի «Հայ ուխտավորները Հռոմում» գրքի շնորհանդեսը
Մշակույթ
17:18 21/06/2016
Հայաստան

Կայացավ Վարդան Դևրիկյանի «Հայ ուխտավորները Հռոմում» գրքի շնորհանդեսը

Բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Վարդան Դևրիկյանը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի Հայաստան այցի առիթով գրել է «Հայ ուխտավորները Հռոմում»  («Armenian pilgrims in Rome») անգլալեզու գիրքը, որի շնորհանդեսը կայացավ այսօր «Հայ գիրք» գրախանութում:

Գիրքը հրապարակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի  Երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում «Գիտական կամուրջներ» ՀԿ-ի կողմից:

«Գրքում, հենվելով հայ պատմագիրների վկայությունների, հայկական միջնադարյան ձեռագրերի, եվրոպական աղբյուների վրա, ներկայացրել եմ հայկական ուխտագնացությունը Հռոմ դասական միջնադարում՝ մինչև 17-րդ դար: Նշել եմ, որ 16-17-րդ դարերում այդ ուխտագնացություններն ուղեկցվել են հայկական տպագրությամբ: Հռոմ գնացած հայ ուխտավորներից Հակոբ Մեղապարտը, Աբգար դպիր Թոխաթեցին զբաղվել էին թե հայ ազատագրական ծրագրերով, թե հայկական տպագրությամբ, թե իրենց խոնարհում էին բերել Հռոմի սրբավայրերին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Դևրիկյանը:

Քրիստոնեության  շրջանում առաջին հայ ուխտավորի՝ Հռոմ այցելության մասին հիշատակվում է Հռոմում գտնվող 370 թվականի մի տապանաքարի վրա, որտեղ նշված է, որ ուխտավորաբար այդ հայը եկել է, մահացել, թաղվել այդտեղ: Հաջորդն արդեն հիշատակվում է Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գրքում, երբ պատմիչն ասում է, որ Ալեքսանդրիայից գնացել են Հռոմ, խոնարհումը բերել Հռոմի սրբավայրերին:

Գրքի վերջին  բաժնում ներկայացված են Հռոմում եղած հայկական հյուրատները:

«Միջնադարում եվրոպական ուխտավայրերի ճանապարհներին բազմաթիվ հայկական ուխտատներ կային: Ընդհանրապես, կային ուխտատներ, որտեղ բոլոր ժողովուրդների ներկայացուցիչները մնում էին: Հայերն ունեին իրենց առանձին ուխտատները:  Զարմանալի երևույթ էր»,- նշեց գրքի հեղինակը:

Վ.Դևրիկյանի խոսքով, գրքում ցույց է տալիս, որ չնայած պատմաքաղաքական ծանր իրավիճակներին, Հայաստանը մշտապես մաս է կազմել ընդհանուր եվրոպական, քրիստոնեական մշակույթի, քաղաքակրթության, ինչքան էլ տրորված, չզմված, հալածված է եղել, հայ միտքը, մշակույթը միշտ համաքայլ է գնացել ժամանակակից եվրոպական մտքի հետ:

Ըստ նրա, նման աշխատությունները հետաքրքիր են նաև Եվրոպայի համար, որովհետև կան նկարագրություններ, որոնք պատմական սկզբնաղբյուրների արժեք ունեն, հետաքրքիր փաստեր է ներկայացնում Եվրոպայի տվյալ քաղաքի, սրբավայրի, վանքի  պատմության մասին:

«Համակարգված ձևով  ներկայացնելով այդ ամենը՝ ցույց կտանք Եվրոպայի հայկական ընկալումը, հայերի կերպարի ընկալումը Եվրոպայում, որն ունի թե մշակութային առումով կարևորություն, թե արտաքին քաղաքականության համար որոշակի դրական նախանշաններ կլինի»,- ասաց Վ.Դևրիկյանը:

Գրքի հեղինակը ներողություն խնդրեց ընթերցողից, որ գիրքն անգլալեզու է: Նա նշեց, որ իր առաջին գիրքն է, որի առաջին տարբերակը հայալեզու չէ:

«Հռոմի  Պապի հետ մեծ թվով հյուրեր են գալու Հայաստան: Դրա համար հարմար գտանք, որ լինի անգլերեն, եկողներին որոշակի տեղեկատվություն կփոխանցի հայ-հռոմեական հարաբերությունների, նաև հայ ուխտավորների՝ Հռոմ  այցերի մասին: Իմ բարոյական պարտքը կլինի, եթե նույնիսկ հովանավոր էլ չգտնեմ,  տպել նաև հայերեն»,- ասաց նա:

Իսկ մինչ այդ՝ վաղվանից գրքի հայալեզու տարբերակը կլինի granish.org  կայքում:

Գիրքը տպվել է 500 օրինակով, բաժանվելու է Պապի հետ Հայաստան ժամանած հյուրերին, լրագրողներին: Գրքի թարգմանիչն է Գայանե Ալեքսանյանը, խմբագիրը՝ Գոհար Մուրադյանը:

Հիշեցնենք, որ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն եռօրյա այցը կմեկնարկի ս.թ. հունիսի 24-ին: 

Placeholder
Կայացավ Վարդան Դևրիկյանի «Հայ ուխտավորները Հռոմում» գրքի շնորհանդեսը