Մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու  համար
Իրավունք
22:09 22/07/2016
Հայաստան

Մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար

ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության վարույթում շարունակվում է իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ 2016 թվականի հուլիսի 19-ի երեկոյան կիրառված բռնությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեկ անձի մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնում են ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնից:

2016 թվականի հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման կապակցությամբ քաղաքացիների անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունն ապահովելու նպատակով, 2016 թվականի հուլիսի 19-ին ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողներ ծառայություն են իրականացրել Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցին հարող Գլինկա և Որմնադիրներ փողոցների հատման վայրում: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Երևանի բնակիչ Հ.Թորոսյանը մի խումբ անձանց հետ միասին բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ չենթարկվելով ՀՀ ոստիկանության ծառայողների` հասարակական կարգը պահպանելուն ուղղված օրինական պահանջներին։ Կիրառված բռնությունների հետևանքով  մարմնական վնասվածքներ են պատճառվել իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության 6 աշխատակցի:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Հ.Թորոսյանին հուլիսի 22-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, դեպքին մասնակից անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։ Ներբեռնվել և զննվել են միջապեի վերաբերյալ համացանցում առկա տեսանյութերը։

Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկույթ կտրամադրվի պարբերաբար։

Placeholder
Մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար