Դիլիջանի ուսումնական կենտրոնն առաջիկայում կլուծարվի
Տնտեսություն
19:31 26/10/2016
Հայաստան

Դիլիջանի ուսումնական կենտրոնն առաջիկայում կլուծարվի

Ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնն առաջիկայում լուծարվելու է: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Ուսումնական կենտրոնը ՊՈԱԿ է, որը վաճառքի չի հանվի: Ես կարծում եմ, որ մենք գնալու ենք այն տարբերակով, որ լուծարենք»,- ասաց նախարարը:

Ըստ Վարդան Արամյանի՝ լուծարելուց հետո շենքը կհանձնվի ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչությանը,  որն էլ ունի հատուկ հաստատված ծրագիր: 

Լրագրողների հարցին, թե այսինքն՝ անիմա՞ստ էր այդ կենտրոնի վրա բյուջեից այդքան գումարներ ծախսելը,  ֆինանսների նախարարը պատասխանեց.  «Իմ սկզբունքն է, որ ես երբեք նախորդների մասին գնահատական չեմ տալիս, դա ճիշտ չէ: Ես կարծում եմ, որ համենան դեպս կարելի է ավելի խելամիտ մոտենալ յուրաքանչյուր հարկատուի գումարներին և մտածել, թե ինչ անենք, որ դա ավելի արդյունավետ ծախսենք: Իմ մոտեցումն այն է, որ մենք պետք է յուրաքանչյուր գումար շատ ավելի խելամիտ ծախսենք, ծրագրերում ներառենք նաև այն հաստատությունները, որոնք ունեն կարողություն»:

Դիլիջանի ուսումնական կենտրոնի կառուցումը սկսվել է 2011 թվականից:  Կենտրոնի կառուցման համար բյուջեից միլիարդավոր դրամներ էր ծախսվել:

Placeholder
Դիլիջանի ուսումնական կենտրոնն առաջիկայում կլուծարվի