Մշակույթի նախարար. «Փակ շուկան» ներառված չէր ցանկում
Մշակույթ
17:16 13/12/2016
Հայաստան

Մշակույթի նախարար. «Փակ շուկան» ներառված չէր ցանկում

Պատմամշակութային հուշարձանները, նաև նրանց միջավայրը պետք է պահպանվեն  մեր իրականության մեջ: Մինչև վերջերս օրենքի բացակայություն կար, կամ անկատարություն, թերակատարություն,- «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ պատասխանելով հարցին, թե Երևանում շատ կա՞ն «սարայ» հիշեցնող շենք ու  շինություններ:

Նա նշեց, որ փորձել են օրենսդրական դաշտով կարգավորել,  պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում ներառում են ցանկից դուրս մնացած շենքերը:

«Համոզված եմ, որ, ներառելով  այդ ցանկի մեջ և օրենքի բավարար խստության ու հետևողականության շնորհիվ, մենք կկարողանանք պահպանել, պաշտպանել այդ շենքերը, միջավայրը: Խոսքը միայն Երևանին չի վերաբերում: Գործ ունենք Կումայրի  արգելոցի հետ, որտեղ տեսնելով այն վիճակը, որ այսօր կա և պատկերացնելով, որ տնտեսական զարգացման հետ միասին կարող է ճարտարապետական ագրեսիան տեղափոխվել Գյումրի, սկսում եմ սարսափել: Ուստի օրենքի խստացումը ոչ միայն նրա համար է, որ Երևանում պաշտպանենք  մնացած գոնե 1-2 շենքներն ու շինություները, նաև այլ քաղաքներում կարողանանք պահպանել այն միջավայրը, պատմամշակութային հուշարձան շենքերը, որոնք դեռ այսօր կան»,- ասաց Ա.Ամիրյանը:

Հարցին, թե կարծում եք օրենքի անկատարության  պատճառո՞վ «Փակ շուկան», Աֆրիկյանների տունն արժանացան այդ ճակատագրին, «արդյո՞ք գերակշիռ չէր հատկապես  Սամվել Ալեքանյանի դերը «Փակ շուկայի» մասով, այսինքն՝ մարդի՞կ են, թե՞ օրենքները», նախարարը նշեց. «Դժվարանում եմ մեկնաբանել, բայց այն ժամանակ օրենքն անկատար էր, «Փակ շուկան» ներառված էլ չէր ցանկում: Այսօր այն բոլոր հնարավոր շենքերը, որ մնացել են և հնարավոր է պահպանել, բոլորը ներառում ենք պատմամշակութային հուշարձանների ցանկում»:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Արամ Մանուկյանի տանը, խոսակցություններ կան, որ այն քանդվելու է, ստորգետնյա ավտոկայանատեղի է կառուցվելու, նախարարն ասաց. «Այդ շենքն ունի սեփականատեր, բայց  նաև շենքը ներառված է պետության կողմից պահպանվող  հուշարձանների  ցանկում: Օրենքն է շենքը պահպանում, ես  կամ նախարարությունը  չէ, որ պետք է գնանք պահպանենք: Առավել քան վստահ եմ, որ շենքը չի քանդվելու: Այդ շենքի լինելիությունը պաշտպանված է օրենքով»:

Արմեն Ամիրյանը նշեց, որ եթե շենքը ներառված չէ պահպանվող հուշարձանի ցանկում, այդ շենքը  կարող են քանդել:

«Եթե կան շենքեր, որոնք ներառված չեն ու մեր հասարակության մեջ կան շահագրգիռ մարդիկ, ովքեր տեսնում են և կարծում են, որ պետք է ներառվի  ցանկում, խնդրում եմ՝ թող մեզ հուշեն, մեր մասնագետները կզննեն, կքննեն ու կավելացնեն ցանկում»,- ասաց նախարարը:

Հարցին, թե՝ «էլ որ շենքն է տգեղացնում քաղաքը, միանգամից քանդեք պրծնենք»,   Արմեն Ամիրյանը պատասխանեց. «Ես քանդող չեմ»: 

Այնինչ՝  Մաշտոցի պողոտայում գտնվող, 1952 թվականին կառուցված, արդեն նախկին Փակ շուկայի շինությունն ընդգրկված է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում: Այս մասին է նշված  հենց պետական մարմինների, կոնկրետ մշակույթի նախարարության տարբեր հաղորդագրություններում:

Placeholder
Մշակույթի նախարար. «Փակ շուկան» ներառված չէր ցանկում