Պատմամշակութային հուշարձանների պահպանման ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են ֆինանսական չարաշահումներ
Մշակույթ
18:36 13/12/2016
Հայաստան

Պատմամշակութային հուշարձանների պահպանման ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են ֆինանսական չարաշահումներ

Այո, Սևանա լճի տակ, Երևանյան լճի տակ, այլ ջրամբարներում որտեղ հնարավոր է, ցանկանում ենք ստեղծել թանգարաններ: Լինելու են ջրասուզակների համար,- «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ պատասխանելով հարցին, թե դուք մտավորականների հետ ասել էիք, որ ցանկանում եք Սևանա, Երևանյան լճերի տակ թանգարան ստեղծել, ինչքանո՞վ է դա իրատեսական, կա արդյո՞ք այդքան գումար, արդյո՞ք խորհրդակցել եք բնապահապանների հետ:

Նախարարի խոսքով՝  խորհրդային անցյալից բավականին շատ արձաններ կան, որոնք այսօր պահեստներում ուղղակի փակված են:

«1000-ավոր արձաններ են, մեր անցյալ պատմությունն է, որը պետք է ցուցադրել:  Կարծում եմ՝ ջրասուզակների համար ստեղծելով այդ թանգարաները, մենք կկարողանանք նոր զբոսաշրջության հնարավորություն ստեղծել, երեխաներին ծանոթացնել թանգարանային հետաքրքիր նմուշների հետ: Դա լինելու է ոչ միայն ջրի հատակին, նաև ափամերձ տարածքում: Չեմ  կարծում, որ քարե արձանները կարող են էկոլոգիային վնասել»,- ասաց Ա. Ամիրյանը՝ տեղեկացնելով, որ հաջորդ տարի նախատեսում են բացել  լուսանկարչական, գորգերի, տիկնիկների թանգարաններ:

Հարցին, թե արդյո՞ք Երևանում որևէ ազատ տեղ չկա Մնջախաղի թատրոնի շենք կառուցելու համար, նախարարն ասաց, որ ՊՈԱԿ-ների օպտիմալացման հետևանքով այդ  ՊՈԱԿ-ների տարածքներն ազատվում են, և այն թատերա-երաժշտախմբերը, որոնք չունեն տարածք, թերևս հնարավոր է այդ տարածքները ծառայեն այդ նպատակին:

«Իմ պաշտոնավարման ընթացքում գոնե ուզում եմ լուծել Մնջախաղի թատրոնի հարցը»,- ընդգծեց Ա. Ամիրյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ հրահանգել է մշտապես բոլոր ՊՈԱԿ-ներում աուդիտ անցկացնել: «Առաջին իսկ աուդիտի արդյունքների հիման վրա արդեն որոշում է կայացվել ազատել Պատմամշակութային հուշարձանների պահպանման ՊՈԱԿ-ի տնօրենին: Նա այս պահին վատառողջ է, չեմ ստորագրել ազատման հրամանը, սպասում եմ առողջացմանը: Այդ ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են ֆինանսական չարաշահումներ, բավականին բացթողումներ:  Մարդը պետք է ազատվի, պատասխան տա, վերականգնվեն այդ միջոցները: Իրավապահները պետք է զբաղվեն այդ հարցով»,- նշեց մշակույթի նախարարը:

Օգտատերերը շատ հարցեր էին ուղղել մարզերում մշակութային կյանքի աշխուժացման ուղղությամբ կատարվելիք քայլերի մասին: Ա. Ամիրյանն ասաց, որ 2017-ին իրականցնելու են 400 մշակութային այցելություններ՝ թատերական, երաժշական խմբեր, ցուցահանդեսներ. «Փորձելու ենք Երևանը բեռնաթափել մշակութային «ագրեսիայից»: Բավականին լուրջ աշխուժություն է փոխանցվելու մարզերին: Փորձում ենք հաշվառել՝ որտեղ կան մշակույթի տներ, բեմեր, դպրոցների դահլիճներ, բացօթյա հարթակներ»:

Զուգահեռաբար, նրա խոսքով, բոլոր գյուղերով շրջելու է ֆիլմ ցուցադրող մի մեքենա՝ ցուցադրելով հայկական ֆիլմերը:

Խոսելով «Հայֆիլմ» կինոստուդիայի մասին, Ա. Ամիրյանն ասաց, որ այն վերականգնելու համար հսկայական ներդրումներ են անհրաժեշտ. «Մենք քննարկում ենք այդ հարցը, պարզապես քանի դեռ լուծումը չունենք, չենք ուզում բարձրաձայնել:  Մեր իրական ու վերջնական նպատակն է  «Հայֆիլմ» կինստուդիայում  ստեղծել  կինոարտադրության միջավայր, բայց մինչև միջավայր  ստեղծելը պետք է հասկանալ, թե ինչ միջոցներով ենք մենք նորոգելու  այդ հրաշալի ստուդիաները, տաղավարները,  ինչպես են լինի մնացյալ աշխատանքները: Այդ գործընթացի  մեջ ենք, շուտով փորձենք հայտարարել,  թե ինչ ենք անելու»:

Հարցին, թե ի՞նչ է լինում կինոարտադրության ոլորտին տրվող 400 միլիոն դրամը, որտե՞ղ է ծախսվում, ինչո՞ւ կինոն չի զարգանում, նախարարը պատասխանեց. «Մենք  450 միլիոն դրամ ենք տալիս կինոարտադրության ՊՈԱԿ-ին՝ 150 միլիոնը՝ ՊՈԱԿ-ը պահելու համար, 300 միլիոնը՝ ֆիլմերի նկարահանման: Տարիների ընթացքում ունեցել ենք լավ ֆիլմեր, բայց այն արդյունքը չէ, որ պետությունն այսքան գումար ծախսելով պետք է ստանար: Մենք պետք է ունենայիք ավելի լավ արդյունք: Այս պահի դրությամբ կինոարտադրության ՊՈԱԿ-ի կառուցվածքային փոփոխություններ ենք նախատեսում, տնօրենի, գեղարվեստական կազմի փոփոխություն, տնօրենների խորհուրդ է ձևավորվելու: Ուզում եմ վստահեցնել, որ 2017-ին կինոարտադրության ոլորտում արձանագրելու ենք բավականին լուրջ քայլերով առաջխաղացում»:

Placeholder
Պատմամշակութային հուշարձանների պահպանման ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են ֆինանսական չարաշահումներ