Մինսկի խումբը կոչ է արել վերադարձնել ադրբեջանցի զինծառայողի դին
Քաղաքական
10:47 10/01/2017

Մինսկի խումբը կոչ է արել վերադարձնել ադրբեջանցի զինծառայողի դին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ռուսաստանցի Իգոր Պոպովը, ֆրանսիացի Ստեֆան Վիսկոնտին և ամերիկացի Ռիչարդ Հոգլանդը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դեկտեմբերի 29-ին  Տավուշում տեղի ունեցած դիվերսիոն ներթափանցման փորձի կապակցությամբ:

Համանախագահների հայտարարության մեջ ասված է.

«Բաքուն և Երևանը շարունակում են միմյանց մեղադրել 2016-ի դեկտեմբերի 29-ին Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած ներթափանցման փորձի համար, որի հետևանքով զոհեր են եղել: Հայկական զինված ուժերը դեռևս իրենց մոտ են պահում ադրբեջանցի սպանված զինծառայողի մարմինը:

Հրադադարի ռեժիմի խախտումներն անթույլատրելի են և հակասում են կողմերի՝ ուժ չկիրառելու վերաբերյալ ստանձնած պարտավորություններին:

Համանախագահները կոչ են անում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին խստորեն պահպանել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում 2016-ին ձեռք բերված պայմանավորվածությունները՝  հնարավորինս կարճ ժամանակահատված ավարտին հասցնել ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմների ներդրումը:

Համանախագահները կոչ են անում անհապաղ վերադարձնել ադրբեջանցի զինծառայողի մարմինը, ինչպես սահմանում է 2010-ին Աստրախանի գագաթաժողովում ձեռք բերված համաձայնագիրը, խստորեն հետևելով խնդրի մարդասիրական կողմին: Կոչ ենք անում կողմերին վերջ տալ փոխադարձ մեղադրանքներին և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը իրավիճակի հիմնավոր կայունացման համար:

Համանախագահները ցավակցում են զոհված զինծառայողների ընտանիքներին և բոլոր հայաստանցիներին ու ադրբեջանցիներին, ում համար  նոր տարվա հույսերը մթագնեցին անտեղի կորուստների հետևանքով»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, որը ձախողվել էր՝ հայկական ԶՈՒ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում:

ՊՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի Զինված ուժերի տրամադրության տակ առկա են անհերքելի ապացույցներ՝ ադրբեջանական կողմի նախահարձակ լինելու վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ ադրբեջանական կողմը սադրանքի ընթացքում կորուստներ է տվել: ՀՀ զինծառայողները սպանվել են իրենց ծառայության վայրում:

ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատեց  նաև իր դիրքորոշումը միջազգային հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտության վերաբերյալ՝ նման սադրանքները կանխելու և զինադադարի` միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների անշեղ կատարման վերահսկելիությունն ապահովելու նպատակով:

Placeholder