Երեք զինծառայող կմեկնի արտերկիր` բուժումը շարունակելու համար
Հասարակություն
17:36 25/01/2017
Հայաստան

Երեք զինծառայող կմեկնի արտերկիր` բուժումը շարունակելու համար

Մինչ ապրիլյան պատերազմը վիրավորված երեք զինծառայող պետական միջոցներով այս տարի մեկնելու է արտերկիր` հետագա բուժումը շարունակելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:

Նրա խոսքերով՝ նախկին զինծառայողներից մեկի մոտ առկա է գանգի ոսկրային դեֆեկտ:

«Սարքավորումների բացակայության պատճառով չենք  կարողանում զինծառայողի բուժումը Հայաստանում կազմակերպել: Դրա համար նրան կտեղափոխենք Գերմանիա: Նա մեկ անգամ արդեն եղել է այնտեղ»,- նշեց բուժվարչության պետը: 

Նշենք, որ խոսքը Մհեր Արմենի Պետրոսյանի մասին է, որը ծանր վիրավորվել է 2013թ-ին զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս:  Մարտական հենակետում նա ստացել է գլխուղեղի աջ ճակատ-գագաթային շրջանի հրազենային գնդակային միջանցիկ թափանցող վիրավորում:

Մյուս զինծառայողը Աշոտ Գրիգորյանն է, որը նույնպես մարտական հերթապահություն իրականացնելիս ստացել է հրազենային վնասվածք: «Նրա արմնկային հոդը բացակայում է ու պրոթեզավորման անհրաժեշտություն կա: Նրան կպրոթեզավորեն Սանկտ Պետերբուրգում»,- ասաց Կամավոր Խաչատրյանը՝  հավելելով, որ ևս մեկ զինծառայող աչքի վիրահատության է ենթարկվելու կրկին Ռուսաստանում:

Հիշեցնենք, որ 2016թ-ի նոյեմբերի 24-ին գործադիրի նիստում ընդունված որոշման համաձայն՝  զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանի և Աշոտ Գրիգորյանի բուժումը Գերմանիայում և Ռուսաստանում իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացվեց ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Placeholder
Երեք զինծառայող կմեկնի արտերկիր` բուժումը շարունակելու համար