Նախաստորագրվել է  Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Քաղաքական
17:25 21/03/2017

Նախաստորագրվել է Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինին և Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսին։

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, նախարար Նալբանդյանը ողջունել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախաստորագրելու նպատակով ԵՄ պաշտոնյաների այցելությունը և վստահություն հայտնեց, որ փաստաթուղթը նոր էջ կբացի Հայաստանի և Եվրոպական միության և նրա անդամ երկրների հետ հարաբերություններում։

Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ համաձայնագիրը կստորագրվի այս տարվա ընթացքում և հավելեց, որ այն կարտացոլի Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների խորությունը, մակարդակը և ծավալը։ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ փաստաթուղթը վկայում է այն կարևորության մասին, որ Հայաստանը տալիս Է Եվրոպական միության հետ իր համագործակցությանը։

Հանդիպմանը հաջորդել է  Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը։

Հայաստանի Հանրապետության անունից համաձայնագիրը նախաստորագրել են գլխավոր բանակցող, արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ինչպես նաև առևտրական հարցերով բանակցող, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Եվրոպական միության անունից նախաստորագրել են  գլխավոր բանակցող, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինը, ինչպես նաև ԵՄ կողմի առևտրի հարցերով բանակցող, Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսը։

Placeholder
Նախաստորագրվել է Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը