Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Կան չգրված կանոններ, որոնք եթե պահպանվեն մարդկանց կողմից, կյանքը շատ ավելի հեշտ կլինի»
ՀՀ կենտրոնական բանկը, գործակցելով մի շարք ֆինանսական կառույցների հետ, հայտարարեց «Իմ ֆինանսների ամիս» 2017 ծրագրի մեկնարկը: Այն արդեն իրականացվում է չորրորդ տարին, նպատակը՝ հասարակության շրջանում անձնական ֆինանսների արդյունավետ կառավարման կարևորումն ու ֆինանսական կրթման մակարդակի բարձրացումն է։
Ծրագիրը նախատեսված է Երևանի և մարզերի բնակիչների համար, թիրախը տարբեր մասնագիտություններ ունեցող անձինքն են՝ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ և այլք:
Լրագրողների հետ զրույցում Կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանն ասաց, որ ԿԲ-ն ընդգծում է ֆինանսական կրթման կարևորությունը:
«Մեզ համար կարևոր է նաև գտնել նորարարական, ստեղծագործ, գրավիչ ուղիներ և գործիքներ՝ ֆինանսական կրթման մակարդակը հասարակության լայն շրջանում բարձրացնելու համար, հետևաբար այս տարի ևս իրականացում ենք ինչպես արդեն հասարակության կողմից սիրված, այնպես էլ նոր միջոցառումներ»,- նշեց նա:
«Իմ ֆինանսների ամիս» 2017 ծրագրի շրջանակում ապրիլի 19-ից 26-ը կազմակերպվող միջոցառումներին ներգրավվածները կմասնակցեն՝ ֆինանսական շրջագայության, որի ժամանակ կայցելեն ֆինանսական տարբեր կառույցներ, տարբեր ֆինանսական թեմաներով բաց սեմինարների, բանավեճերի մրցաշարի, միջհամալսարանական ինտելեկտուալ առաջնության, լուսանկարչական, նկարչական, ինֆոգրաֆիկայի և վերամշակման մրցույթների, փողի միջազգային շաբաթ ծրագրին, ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթին, ֆինանսական թեմաներով ակումբային քննարկումներին:
Նա տեղեկացրեց, որ ավելի քան 40 գործընկեր ունեն այս տարի, ֆինանսական կազմակերպությունների քանակն է ավելացել:
Հարցին, թե այս չորս տարիներին ինչքանո՞վ է ավելացել մարդկանց ֆինանսական կրթվածության մակարդակը, Ա. Մկրտչյանն ասաց. «Մենք ֆինանսական գիտելիքների առաջին չափումը իրականցրել ենք 2014 թվականին և քանակական տեսանկյունից ասել, թե ինչպիսի փոփոխություններ են տեղի ուենցել գիտելիքների և հմտությունների առումով, դժվար է: Մյուս պաշտոնական հարցումը կիրականացվի 2019 թվականին: Արձագանքներից հասկանում ենք, որ թեմայով հետաքրքրվածությունը մեծանում է, տրվող հարցերն ավելի հմուտ են և նուրբ երանգներ են պարունակում, միջոցառումներին մասնակցությունը ներգրավածությունն ավելի լայն է, ինչից հականում ենք, որ զգալի առաջընթաց կա»,-ասաց նա:
Հարցին, թե հիմնականում ի՞նչ հարցեր են բարձրացնում մասնակիցները, ԿԲ ներկայացուցիչն ասաց, որ դրանք հիմնականում վարկերի, պարտքերի կառավարման մասին են:
«Կան չգրված կանոններ, որոնք եթե պարզապես պահպանվեն մարդկանց կողմից, կյանքը շատ ավելի հեշտ կլինի, ավելի զերծ վտանգներից: Օրինակ՝ վարկի գումարը չպետք է լինի ամսական եկամուտի 30 տոկսից ավելին: Գիտնականները պարզել են, որ եթե 30 տոկոսից ավելին է, բարձր է հավանականությունը, որ մարդը կզգա ֆինանսական ճնշվածություն և էմոցիոնալ մակարդակով, և ֆինանսական առումով:
Կա խնայողությունների կանոն. ամսական եկամտի 10 տոկոսը պետք է խնայել ու նոր կատարել մնացած անհրաժեշտ ծախսերը: Մեզ մոտ միշտ հակառակն է լինում»,- ասաց Ա.Մկրտչյանը:
Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը նշեց, որ ծրագրի միջոցառումները ուղղված են լինելու հանրության մոտ մի շարք գիտելիքների և հմտությունների ուժեղացմանը, ինչպես օրինակ կատարել արդյունավետ խնայողություններ, պլանավորել եկամուտները և ծախսերը, խուսափել պարտքի բեռից, ում դիմել:
Անցած տարի ծրագրին 5000 մարդ է մասնակցել: Այս տարի գրանցումների միտումից կազմակերպիչները հասկանում են, որ ամենաքիչը 7000 մասնակից կունենան:
Ծրագրի և ծրագրի մասնակցության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է www.abcfinance.am կայքում, համանուն Ֆեյսբուքյան և Թվիթերյան էջում: