Արցախի վարչապետն այս տարի ակնկալում է 10%-ից բարձր տնտեսական աճ
Տնտեսություն
09:14 05/06/2017
ԼՂՀ

Արցախի վարչապետն այս տարի ակնկալում է 10%-ից բարձր տնտեսական աճ

Չնայած ապրիլյան պատերազմին, Արցախի Հանրապետությունում 2016 թվականին գրանցվել է ավելի քան  9% տնտեսական աճ: Այս մասին Արցախ այցելած լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը:

«Այս տարի սպասում ենք երկնիշ թիվ՝ 10 տոկոսից ավելի տնտեսական աճ, քանի որ բավական ներդրումներ են կատարվել հիդրոէներգետիկայի և հանքաարդյունաբերության ոլորտներում»,- նշեց վարչապետը:

Մասնավորապես, ըստ նրա, շահագործվել է Կաշենի հանքն ամբողջ հզորությամբ,  2016 թվականի վերջին նաև շահագործման են հանձնվել հիդրոէլեկտրակայաններ: Արցախը դարձել է այնպիսի երկիր, որը ոչ միայն բավարարում է սեփական էլեկտրաէներգիայի պահանջարկը, այլև նախատեսում է առաջիկայում ավելացնել արտահանման ծավալները»,- նշեց վարչապետը:

Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ այս տարի հաջողություններ են գրանցել նաև շինարարության ոլորտում. հունվար-մայիս ամիսներին  շինարարության ծավալներն աճել են՝ բարեգործական, պետական և այլ աղբյուրների հաշվին:

Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, Արայիկ Հարությունյանն ասաց, որ թեև նախորդ տարի ոլորտում  անկում է գրանցվել, սակայն այս տարի տարբերություն զգում են:

Վարչապետի խոսքերով՝ ռուսական ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորությունը մեծամասամբ դրական ազդեցություն է թողել զբոսաշրջության զարգացման վրա:

«Կան մարդիկ, որոնք պատրաստ են ներդրում կատարել հյուրանոց կառուցելու համար, սակայն մինչև վերջերս հյուրանոցների քանակը մեծ է՝ բացի ամառային մի քանի օրերից և մայիսի 9-ից, ծանրաբեռնված չի լինում, փորձում ենք ռեսուրսներն ուղղել այլ ուղղությամբ»,- նշեց վարչապետը՝  հավելելով, որ ընդհանուր առմամբ տնտեսական նախագծերը նորմալ են, շարունակվում է տնտեսական աճը:

Արայիկ Հարությունյանը նաև ասաց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի տնտեսությունը որոշակի խնդիրներ է ունեցել, բավականին շատ ներդրողներ հետաձգել են ներդրումները, սակայն կա նաև ներդրողների մի մեծ բանակ, որոնք ոչ միայն չեն դադարեցրել, այլ ապրիլին շարունակել են իրենց ներդրումները:
 

Placeholder