Դեբեդ և Դսեղ գյուղերում անասնագլխաքանակի շուրջ 60 տոկոսը վարակված է դաբաղով. «Առավոտ»
«Առավոտ»-ի հաղորդմամբ՝ մոտ մեկ ամիս է Լոռու մարզի Դեբեդ և Դսեղ գյուղերում անասուններ են հիվանդացել: Գյուղապետերի ու գյուղացիների հավաստմամբ անասունները վարակված են դաբաղ կոչվող հիվանդությամբ, քանի որ ախտանշանները հենց այդ հիվանդության մասին են վկայում:
Դեբեդի համայնքապետ Արարատ Քոչարյանի խոսքով, հիվանդության օջախը Դսեղի սարերն են, որը կից է իրենց համայնքի սարերին:
Գյուղի 700-ից ավելի անասնագլխաքանակի մոտ 60 տոկոսը վարակված է դաբաղով:
«Ես իմ ղեկավարությանը, անասնաբույժն իր ղեկավարությանը, տեղեկացրել ենք, որ համաճարակ կա: Վաղն էլ պետք է գրություն գրեմ, որ վարակը մեծացել է, ավելի շատ կենդանիներ են վարակվել»,-թերթի հետ զրույցում նշել է Քոչարյանը։
«Մասսայական, որ դեպք գրանցվի սա առաջին անգամն է գյուղում: Մենք էլ ենք բժիշկներ բերել, որ օգնեն, անասնատերերն էլ են փորձում բուժել: Այս ընթացքում, ով նորմալ կատարել է բուժումները, անասուններն առողջացել են: Երևանից, սննդի անվտանգության տեսչությունից էլ են եկել: Անասնաբույժներ ենք հրավիրել, եկել են, գնացել ենք սարերը: Մարդ ենք նշանակել, որ այնտեղ մնան, բուժման համար անասնատերերին օգնեն»,-նշել է Դսեղի համայնքապետ Գառնիկ Հովսեփյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։