Արման Լազգիյանը սկսել է նորմալ սնվել և խոսել
Հասարակություն
18:17 03/06/2016
Հայաստան

Արման Լազգիյանը սկսել է նորմալ սնվել և խոսել

Գերմանական Համբուրգի  «Asklepiosklinik Barmbek Hamburg» կլինիկայի ինտենսիվ բաժանմունքում բուժում ստացող հայ զինծառայող Արման Լազգիյանը արդեն նորմալ սնվում է և խոսում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Արմանի հայրը՝  Միքայել Լազգիյանը:

«Սկսել է նորմալ սնվել, աղիքները լավ գործում են, սկսել է խոսել, ստամոքսի, աղիքի, թոքերի բոլոր խողովակները հեռացրել են: Թոքերում առաջ ջուր էր հավաքվում,  հիմա այդ խնդիրն էլ չկա, ամեն ինչ նորմալ է», - Համբուրգից պատմեց հայրը:

Նրա փոխանցմամբ՝ որդուն մագնիսառեզոնանսային հետազոտության են ենթարկել և սպասում են պրոֆեսորների եզրակացությանը:

«Միաժամանակ զբաղվում են վերականգնողական կլինիկայի ընտրությամբ՝ տեսնեն՝ որն է ավելի ճիշտ հետագա վերականգնողական բուժումը կազմակերպելու համար», -ասաց Լազգիյան ավագը՝ չբացառելով իրենց տեղափոխումը այլ կլինիկա:

Նրա խոսքով, այդուհանդերձ, վիրահատությունից խուսափել չի ստացվում և հնարավոր է հաջորդ շաբաթ փոքրիկ վիրահատություն անեն. պառկելախոցի խնդիր է առաջացել:

«Երկար ժամանակ պառկել է, բորբոքվել է: Բայց ասում են բարդ վիրահատություն չէ», - ասաց Միքայել Լազգիյանը:

Placeholder
Արման Լազգիյանը սկսել է նորմալ սնվել և խոսել