Գառնեցիներն անժամկետ բողոքի ակցիա են հայտարարել
Հասարակություն
12:15 20/05/2016

Գառնեցիներն անժամկետ բողոքի ակցիա են հայտարարել

Կոտայքի մարզի երկու գյուղերի՝ Գառնիի ու Գողթի բնակիչներն այսօր էլ բողոքի են դուրս եկել՝ «Ազատություն Ազատ գետին», «Դուրս հանեք ինժիներական տեխնիկան», «Ձեռքներդ հեռու Ազատ և Գեղարդ գետերից» այս ու այլ գրություններով ցուցապաստառներով:

«Անժամկետ բողոքի ակցիա է: Ակցիան կշարունակենք այնքան ժամանակ, քանի դեռ չեղյալ չեն համարվել Ազատ գետից Քաղցրաշեն գյուղ ջուր տանելու, ինչպես նաև Գեղարդալճի ծրագրերը»,-հայտարարեցին գյուղացիները:

Նրանք պահանջում են գետի կիրճից ժամ առաջ հանել տեխնիկան, քանի դեռ չեն հանել, ասում են՝ տուն չենք գնալու:

Գյուղացիները պատմում են, որ արդեն երեք օր ավելի մեծ թվով տեխնիկա են բերել,  ավելի մեծ թափով են աշխատանքներն իրականացվում. «Քանդելով գնում են, բնությունը քանդում են»:

Գյուղացիները մտահոգված են: Գետի ջուրը կրճատելու հետևանքով արոտավայրերն ու այգիները կչորանան: Համայնքի բնակիչները հպարտությամբ նշում են՝ իրենց գյուղը մեծությամբ երրորդն է, բայց անմիջապես վրա բերում՝ մեր բողոքները լսող չկա:

Նրանց պահանջը մեկն է «Փրկենք Ազատ գետը»: Ակցիայի մասնակիցներից մեկը՝ Գառնիի բնակչուհի Արուսյակ Այվազյանը պատմեց, որ սկսել են գյուղացիներին վախեցնել:

Ա. Այվազյանը պատմեց, որ մի քանի օր առաջ երեք թիկնեղ տղամարդ այցելել են իր դեղատուն, հարցրել հարկային թղթերից,  հետո ասել են, թե իբր իր տղան չի ծառայել բանակում: Կինն ասել է, որ իր դեղատանն ամեն ինչ հարկային օրենսդրության պահանջներին  համապատասխան է իրականացվում, իսկ որդին էլ ծառայել է:

«Ասեցի, եթե դեղ եք գնում, գնեք, թե չէ դուրս եկեք: Ես ասացի կահազանգեմ ոստիկանություն, դուրս եկան ու գնացին: Բայց ես հասցրեցի մեքենայի համարները նայել»,-ասաց Ա. Այվազյանը: Նա մտածում է, որ իրեն փորձում են վախեցնել՝ բողոքի ակցիաներին ակտիվություն չցուցաբերելու նպատակով:

 

Placeholder
Գառնեցիներն անժամկետ բողոքի ակցիա են հայտարարել