Կորցրած տարածքը ամայի տարածք է, պետք չէ ծանրանալ դրա վրա. ՀՀԿ-ական
Քաղաքական
16:07 20/05/2016

Կորցրած տարածքը ամայի տարածք է, պետք չէ ծանրանալ դրա վրա. ՀՀԿ-ական

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով 800 քառակուսի մետր տարածքի կորստին պետք չէ նշանակություն տալ:

Այսօր Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցներում ԱԺ իշխանական մեծամասնության ներկայացուցիչը, ի պատասխան լրագրողի հարցի, հայտարարեց.

«Հող կորցնելը վերացական հասկացողություն է, պետք է խոսել՝ ի՞նչ կորցրեց և եթե չկորցներ, ի՞նչ կշահեր դրանից և եթե դա հետ վերցնենք, ի՞նչ կկորցնենք մենք: Ինձ թվում է, որ դրան պետք չէ այդպիսի նշանակություն տալ: Եթե անհրաժեշտություն լինի՝ մեկ-երկու օրվա խնդիր էր այդ ամեն ինչը հետ վերադարձնելը, բայց դրա հետևաքները կարող է ավելի ծանր լինեին:

Պետք է խելամիտ լինել ու այդ հետևանքների մասին մտածել, ոչ թե հողի, որը ընդհանրապես, որևէ ռազմավարական նշանակություն չունեցող, չմշակվող ամայի տարածքներ են»:

Լրագրողի դիտարկմանը, թե այդ պատճառով է, որ Թալիշի բնակիչները չեն կարողանում վերադառնալ իրենց բնակավայր, պատգամավորը արձագանքեց, որ միևնույն է, անգամ նախկին իրավիճակում, եթե հրադադար չպահպանվեր, բնակիչները անվտանգ չէին լինի:

«Եթե այս հարցը լուծվի այնպես, ինչպես որդեգրել է Մինսկի խումբը և հայաստանյան կողմը, ապա ինձ թվում է՝ և թալիշցիների պրոբլեմները կլուծվեն, և ընդհանրապես երկու ժողովուրդների խնդիրները կկարգավորվեն: Եթե այդ կամքը չդրսևորվի, անկախ նրանից, այդ մի քանի մետր հողը տրվել է, թե չէ՝ այս պրոբլեմները պետք է լինեին, և թալիշցիները հանգիստ չէին կարող ապրել», -հավելեց պատգամավորը:

Հիշեցնենք՝ 800 հա տարածք կորցնելու մասին խոսել էր Սերժ Սարգսյանը՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

Ինչ վերաբերում է «երկու ժողովրդների խնդիրների կարգավորմանը»՝ հիշեցնենք, որ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծմամբ ԵԱՀԿ Մինսկի խումը զբաղվում է արդեն երկու տասնամյակ, և ադրբեջանական կողմը բազմիցս խախտել է 1994 թվականին կողմերի միջև կնքված զինադադարը ոչ միայն ԼՂՀ-ի նկատմամաբ, այլև՝ Հայաստանի Հանրապետության:

Placeholder
Կորցրած տարածքը ամայի տարածք է, պետք չէ ծանրանալ դրա վրա. ՀՀԿ-ական