«Դղյակի» տերը զոհվել է ընկերոջ կնոջ համա՞ր. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:38 20/05/2016
Հայաստան

«Դղյակի» տերը զոհվել է ընկերոջ կնոջ համա՞ր. «Հրապարակ»

«Դղյակ» խանութի տիրոջ՝ Գուրգեն Ավետիսյանի սպանության գործով նոր ձերբակալված կա՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանի խորհրդական Արտյուշա Մովսիսյանի որդին՝ Արա Մովսիսյանը։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

Սպանությունը տեղի է ունեցել մայիսի 14-ին։ Նախ՝ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց հարկայինի աշխատող, Գուրգենի ընկեր Արմեն Փափազյանը։ Իսկ երեկ «Հրապարակ»-ի աղբյուրը Գյումրիում տեղեկացրել է, որ Արմեն Փափազյանն իր վրա է վերցրած եղել ընկերոջ՝ Արա Մովսիսյանի մեղքը, և որ վերջինս գիշերն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն ու հանձնվել։ Ինչպե՞ս է եղել դեպքը, և ո՞րն է եղել սպանության պատճառը։

«Ըստ Գյումրիում շրջանառվող վարկածների, «Ոսկե բլուր» ռեստորանում, կերուխումի ժամանակ, տղաները, որոնք մի քանիսն են եղել, վիճել են նրանցից մեկի կնոջ պատճառով։ Գուրգեն Ավետիսյանն ընդամենը պաշտպանել է իր ընկերոջ պատիվը։

Այնուհետև «ռազբորկան» շարունակվել է այլ վայրում։ Ըստ վարկածներից մեկի՝ ռեստորանից հետո տղաները գնացել են Արա Մովսիսյանի առանձնատուն, որը «Հայաստան» հուշահամալիրից քիչ հեռու է։ Մովսիսյանի հայրը, սակայն, սա չի հաստատում։ Ըստ նրա և նաև նախնական տեղեկության, հարաբերությունների հետագա պարզումը տեղի է ունեցել «Հայաստան» հուշահամալիրի մոտ գտնվող «Խոզանոց» կոչվող տարածքում, որը «ռազբորկաների» հայտնի տեղն է։ Գուրգեն Ավետիսյանի մասին գյումրեցիք միայն լավն են հիշում՝ թե ինչպես եղբոր հետ հալալ քրտինքով կայացրեց բիզնեսը՝ սեղանիկից մինչև «Դղյակ», որը քաղաքի լավագույն խանութներից էր։ Գյումրեցիք գովում են Ավետիսյանների ընտանիքը, ասելով՝ «շատ զուսպ, համեստ մարդիկ են, երկու եղբայրն էլ, հայր-մայր, գլուխները կախ, խանութն էին աշխատեցնում»։ Գուրգենին հաճախ տեսնում էին եկեղեցում՝ աղոթք անելիս։

Արա Մովսիսյանի մասին քաղաքում ասում են, որ նա ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի «քիփն» է, նրա հետ նույն ընկերական շրջանակից»,-գրել է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Դղյակի» տերը զոհվել է ընկերոջ կնոջ համա՞ր. «Հրապարակ»