Սիրահայերն արտադրում են որակով արտասահմանյան բրենդայիններին չզիջող ապրանքներ . ՀԿ նախագահ
Տնտեսություն
17:36 20/05/2016

Սիրահայերն արտադրում են որակով արտասահմանյան բրենդայիններին չզիջող ապրանքներ . ՀԿ նախագահ

Հայկական ապրանքները շատ ավելի որակյալ են, քան ներկրված ապրանքները։ Այս մասին այսօր Երևանում տեղի ունեցած «Բրենդի օր-2016» ամենամյա բիզնես ֆորումի ժամանակ ասաց «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ, «Արմբրենդ» ազգային գործընկերային համակարգի հիմնադիր Աշոտ Միրզոյանը:

«Թուրքական ապրանքները և Հայաստանի շուկան» թեմայով ֆորումի շրջանակներում մասնագետները ներկայացրեցին իրենց կարծիքներն ու առաջարկները հետևյալ հարցերի վերաբերյալ՝ գոյություն ունի՞ արդյոք այլընտրանք թուրքական ապրանքներին, ի՞նչ խնդիրներ ունեն Հայաստանի արտադրողները, և որոնք են հայկական ապրանքանիշերի զարգացման խնդիրներն ու նրանց լուծումները:

Աշոտ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ժամանակին ինքն էլ ասել է՝ պետք է հրաժարվել թուրքական ապրանքներից, սակայն հասկանում է, որ պետք է անել կշռադատված քայլեր, որպեսզի դա չվնասի սպառողներին:

«Դա կարևոր խնդիր է, և հարցին պետք է զգուշորեն մոտենալ: Ֆորումի նպատակն է՝  լսել մասնագետների կարծիքները, հասկանալ, թե ինչ հերթականությամբ պետք է գործել: Մեր գլխավոր նպատակն է աջակցել հայ արտադրողին՝ տեղական ապրանքանիշերը զարգացնելու համար»,- ասաց նա:

Աշոտ Միրզոյանը հայտնեց, որ ուսումնասիրել է մի շարք փորձագետների կարծիքները և եկել այն եզրահանգման, որ հիմնականում թուրքական ապրանքներից հրաժարվելու երկու մոտեցում կա: «Առաջին՝ պետք է հրաժարվել ընդհանրապես թուրքական ապրանքներից, ինչը էմոցիոնալ մոտեցում եմ համարում, երկրորդ՝ եթե  Թուրքիայից կամ այլ երկրներից ներկրված ապրանքները պետք է փոխարինվի հայկականով, ապա պետք է զգուշավոր գործել և  ծայրահեղ քայլերի չդիմել: Այսինքն՝ մարդիկ հիմնականում կողմ են թուրքականը փոխարինել հայկականով, բայց դա պետք է մտածված անել»,- նշեց «Սպառողների աջակցման կենտրոն»-ի ղեկավարը:

Հարցին, թե կա՞ն այնպիսի հայկական բրենդներ, որոնք կարող են փոխարինել թուրքականին, Աշոտ Աբրահամյանը նշեց՝ կան և դրանք քիչ չեն: Նրա խոսքերով՝  երեկ Երևանում բացվել է «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսը, որն իրեն հաճելիորեն զարմացրել է. «Երեկ ամբողջ օրն այնտեղ էի, և սիրահայերի գործունեությունը պետք է  գնահատել:

Սիրահայերն այստեղ արտադրում են որակյալ արտադրանք և հետաքրքիրն այն է, որ այդ արտադրանքը սպառվում է, գներն էլ մրցունակ են և որակով չեն զիջում մի շարք արտասահմանյան բրենդային ապրանքներին»,- ասաց նա:

Խնդիրը, ըստ նրա, այն է, որ շուկան փոքր է, ուստի տեղական արտադրողներն այդ առումով պետական աջակցության կարիք ունեն:

«Այսինքն՝ պետությունը պետք է նրանց օգնի, որպեսզի կարողանան արտահանել իրենց արտադրանքը»,- ասաց նա:

Աշոտ Միրզոյանը նաև հայտնեց, որ իրենց նպատակն է մայիսի 20-ը հռչակել «Արմբրենդի օր»՝ հայկական ապրանքանիշերի զարգացման օր:

Placeholder
Սիրահայերն արտադրում են որակով արտասահմանյան բրենդայիններին չզիջող ապրանքներ . ՀԿ նախագահ