Նազիկ Ասլանյանի հետաքրքիր աշխարհն ու ներաշխարհը՝ Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում
Մշակույթ
19:08 20/05/2016
Հայաստան

Նազիկ Ասլանյանի հետաքրքիր աշխարհն ու ներաշխարհը՝ Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում

«Հայ նկարչուհիները ինչպես անցած տասնամյակներին, այնպես էլ այսօր շատ կարևոր ավանդ ունեն ժամանակակից նկարչության մեջ: Եվ Նազիկ Ասլանյանի նկարները գալիս են համալրելու այդ համաստեղծությունը:  … Նազիկ Ասլանյանը թաքնված մի գեղեցկություն է բերում մեզ, նա իր հոգու գույներն է բաժանում, իր մաքուր, վճիտ հայացքն աշխարհին՝ բնության և գեղեցկության նկատմամբ». Այսպես է նկարագրել արվեստի պատմաբան Լևոն Զուգասզյանը նկարչուհի Նազիկ Ասլանյանին:

Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց նկարչուհու անհատական ցուցահանդեսը: Ներկայացված են տարբեր շարքերից՝ «Ծառ», «Ծաղիկ», «Արև», «Բնապատկեր», «Իրականություն»՝ 40-ից ավելի աշխատանք: 

«Այս թեմաներն արդեն 15 տարուց ավելի գոյություն ունեն իմ ստեղծագործություններում: «Արև» շարքը կարծես առանցքային է իմ ստեղծագործությունների մեջ իր գաղափարով՝ լույսի, հավերժությամբ: «Իրականություն» շարքում աբստարկտ նկարներ են՝ զգացմունքների, մտքերի, էմոցիաների կերպարներ են՝ այն, որ ավելի շատ է մեր իրականության մեջ, մեծ դեր ունի, քան այն, ինչ տեսնում ենք»,-  լրագրողների հետ զրույցում ասաց Նազիկ Ասլանյանը:

«Բնապատկեր» շարքն առաջին անգամ է ներկայացվում հանրությանը:

«Բնության պարզությունը, խորությունը, շունչն արտահայտող պատկերներ են: Ցույց եմ տվել բնության պարզության մեջ իր հզորությունը: «Ծառեր» շարքում կարծես կեղևի տակ փնտրում եմ կյանքի խորհուրդը, էությանը: «Ծաղիկներ» շարքն ինքնին բնության փոքր մասնիկի հզորության շեշտադրումն է»,- շարքերը հակիրճ նկարագրեց  արվեստագետը:

Իր նկարչությանը Նազիկ Ասլանյանը  տվեց մի քանի բնորոշումներ՝ զուգահեռներ անցկացնելով կյանքի հետ. «Կոնտրաստը, որը կյանքի հիմքն է. դինամիզմը, որը կյանքի շարժիչ ուժն է. լույսը, որը կարծես ամփոփում, ընդհանրացնում է իմ բոլոր մտքերը, գաղափարները»:

Նկարչուհու համար ոգեշնչման աղբյուր են իր գաղափարները, մտքերը, որոնք գտնում է բնության մասնիկների մեջ:

ՀՀ Նկարիչների միության նախագահը Կարեն Աղամյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ Նազիկի նկարչության մեջ այնքան ոգի, թափ, ուժ կա, որ ոչ բոլոր տղամարդ նկարիչները կարող են ցուցաբերել:

«Նազիկը, լինելով  նուրբ արտաքինով կին, ունի պայթյուն, ուժ, կիրք, որն արտահայտում է իր գործերում»,-  նշեց նա:

Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի փոխտնօրեն, արվեստաբան  Զառա Այրումյանին առաջին հայացքից զարմացնում է այն էներգիան, որը դրված է նկարների մեջ:

«Միանգամից զգացվում է ուժը, էներգիան, վրձնի հարվածների թափը:

«Իրականություն» շարքի աբստրակտ աշխատանքների մեջ արտահայտել է կյանքի և շրջապատող աշխարհի մասին իր գաղափարները: Բավականին ուրախացրեց ինձ այդ աշխատանքները: Արված են մեծ ճաշակով, ներքին էներգիայով են լցված»,- ասաց արվեստաբանը:

Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեց նաև պատկերագիրք, որում տեղ են գտել վերջին յոթ տարիների ընտրված աշխատանքները, արվեստաբանների  կարծիքները նկարչուհու արվեստի մասին:

Ցուցահանդեսը բաց է մինչև հունիսի 5-ը:

Այս ցուցահանդեսը հնարավոր է նաև արտերկրում կազմակերպվի:

 «Կարծում եմ՝ դուրս կտարվի: Առաջարկներ ունեմ, քննարկումներ են ընթանում»,- ասաց Նազիկ Ասլանյանը:

Նշենք, որ Նազիկ Ասլանյանը դեռևս 1993 թվականից անհատական և խմբակային ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում և աշխարհի տարբեր քաղաքներում՝  Լոնդոն, Վաշինգտոն, Կանադա, Սոֆիա, Նյու Յորք, Բեյրութ, այլուր: Հայաստանում վերջին անգամ անհատական ցուցահանդես ունեցել է 2015-ին:

Աշխատանքները գտնվում են Հայաստանի և արտերկրի պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում:

«Նազիկի կտավները ներքուստ շողշողում են: Նա այն եզակի նկարչուհիներից է, ով կարողացել է ակադեմիականության վնասներից խույս տալ, այսինքն, նկարելիս՝ ակադեմիականությունը շատ չի ճնշել նրան, որովհետև միջից ուժեղ է: Մենք չէինք սպասում, որ այսպիսի մեկը պետք է գա: Նա մի նկարչուհի է, ով և կրթված է, և ունի սեփական ներաշխարհ, աշխարհ, որը շատ հետաքրքիր է»,-նկարչուհու մասին ասել է արվեստաբան Մարտին Միքայելյանը:

 

Placeholder
Նազիկ Ասլանյանի հետաքրքիր աշխարհն ու ներաշխարհը՝ Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում