Քաղցկեղի արդյունավետ բուժման գլխավոր պայմանը թիմային աշխատանքն է. ուռուցքաբան
Առողջություն
14:30 20/05/2016
Հայաստան

Քաղցկեղի արդյունավետ բուժման գլխավոր պայմանը թիմային աշխատանքն է. ուռուցքաբան

Ամբողջ աշխարհում քաղցկեղի երիտասարդացման տենդենց կա,  և դա հատկապես ավելի շատ նկատվում է քաղաքաբնակ մարդկանց մոտ, ինչը պայմանավորված է սննդի որակով, արագ սնունդ կոչվածով, օդի աղտոտվածությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի Օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Արտեմ Ստեփանյանը:

Նրա խոսքերով՝ հիմա ավելի շատ են մարդիկ դիմում հետազոտության, քանի որ ինֆորմացիան ավելի շատ է, ինչի արդյունքում քաղցկեղը վաղ շրջանում հայտնաբերելու դրական դինամիկա կա:

«Հիմա չենք թաքցնում մարդկանցից իրենց հիվանդությունը, քանի որ քաղցկեղը դատավճիռ չէ, դա ընդամենը հիվանդություն է, որն այսօր բուժվում է»,-ասաց ուռուցքաբանը:

Ինչ վերաբերում է բուժման մեթոդներին, Արտեմ Ստեփանյանը նշեց, որ այսօրվա դրությամբ իրենց կենտրոնում կա այն ամենը, ինչ անհրաժեշտ է կանանց օրգանների քաղցկեղի բուժման համար, և բուժման  արդյունքները չեն զիջում, նույնիսկ ավելի լավն են որոշ միջազգային կենտրոններից:

«Երեք տարվա ընթացքում կրծքագեղձով քաղցկեղի չորրորդ փուլում գտնվող հիվանդներին, որոնց վիրահատել ենք, 90 տոկոսը բացարձակ առողջ են և վերահսկողության տակ:  Բժշկությունը մեծ հաջողությունների է հասել քաղցկեղային հիվանդությունների բուժման ոլորտում: Այն հնարավորությունները, որ այսօր մենք ունենք, տարբերվում է տարիներ առաջ ունեցած հնարավորություններից»,- ընդգծեց մասնագետը:

Արտեմ Ստեփանյանի խոսքերով՝ քաղցկեղի արդյունավետ բուժման գլխավոր պայմանը մասնագետների համատեղ թիմային աշխատանքն է:

«Պետք է վստահել թիմին, այլ ոչ թե մի անձի: Երբեք մեր թիմը դեմ չի եղել, նույնիսկ կողմ է եղել երկրորդ կարծիքին: Թիմային աշխատանքում հիվանդը  չունի մեկ լիդեր բժիշկ, լիդերը փոխվում է  հիվանդության փուլից, լիդեր է թիմը»,-ասաց նա՝ հավելելով, որ հայ բժիշկները միջազգային կլինիկաների բժիշկներին գիտելիքով չեն զիջում:

Placeholder
Քաղցկեղի արդյունավետ բուժման գլխավոր պայմանը թիմային աշխատանքն է. ուռուցքաբան