Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Նախագահ Սերժ Սարգսյանը նիստում ներկայացրել է Սանկտ Պետերբուրգ կատարած այցի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման, եռակողմ հանդիպման արդյունքները։
«Սա հանդիպում էր Վիեննայի պայմանավորվածությունները շարունակելու առումով»,- նշեց Շարմազանովը՝ հավելելով, որ Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հիմնահարցի կարգավորման հարցում չի փոխվել. «Մենք բացառապես խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից ենք, երեք հիմնարար սկզբունքների հիման վրա, որի առանցքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է»:
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, ՀՀԿ խոսնակը նշեց, որ նախագահների երկկողմ հանդիպումները բավականին արդյունավետ են եղել: «Հայ-ռուսական հարաբերությունները նաև ռազմավարական առումով պետք է զարգանան և ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք բխում են թե Հայաստանի, թե Ռուսաստանի պետական շահերից»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
ԳՄ նիստում, ըստ նրա, Նախագահը ներկայացրել է նաև իր այցի արդյունքները Լեռնային Ղարաբաղի հանրապետություն, որտեղ իրավիճակը վերահսկելի է, խաղաղությունը պահպանվում է: «Որպես Արցախի անվտանգության երաշխավոր, ՀՀ նախագահը ևս մեկ անգամ այցելել է, որպեսզի տեսնի իրավիճակն առաջնագծում»,- ընդգծեց նա:
Էդուարդ Շարմազանովը նաև անդրադարձավ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովի հայտարարությանը՝ ասելով, որ նա, հավանաբար երազ է տեսել: «Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շատ արագ արձագանքել է այդ հայտարարությանը: Այսօր էլ Ռուսաստանի արտգործնախարարությունն է բավականին կոշտ արձագանքել՝ կամայական որակելով այդ հայտարարությունները և կոչ է արել առաջնորդվել Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման արդյունքներով տարածված համատեղ հայտարարությամբ: Այսօրվա հայտարարությունը վկայում է այն մասին, որ Բաքուն սուտ է խոսում: Սա ասում ենք ոչ թե մենք, այլ՝ պաշտոնական Մոսկվան»,- նշեց Էդուարդ Շարմազանովը: