Գաբրիել Ղազարյան. «Մարզաձևն օլիմպիական չի համարվում, սակայն այն պակաս դիտարժան չէ»
Սպորտ
20:00 23/06/2016

Գաբրիել Ղազարյան. «Մարզաձևն օլիմպիական չի համարվում, սակայն այն պակաս դիտարժան չէ»

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է Հայաստանի պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) հավաքական թիմի անդամներին՝ ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ: Ուկրաինայի Լուցք քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում թիմը բավական հաջող մրցելույթներ է ունեցել և թիմային հաշվարկով գրավել է 3-րդ տեղը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, նախարարը շնորհավորել է մարզիկներին՝ հաջող մրցելույթների և մեդալների հարուստ պաշարով հայրենիք վերադառնալու կապակցությամբ:

«Ճիշտ է, այս մարզաձևն օլիմպիական չի համարվում, սակայն այն պակաս դիտարժան չէ և այն հանրությանը ներկայացնելու համար անհրաժեշտ է ավելի ակտիվ աշխատել: Այդ դեպքում, վստահ եմ, որ պաուերլիֆտինգով զբաղվողների թիվն անհամեմատ կավելանա»,- ասել է նախարարը:

Ֆեդերացիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ հավաքականի անդամները շարունակում են մարզումները և պատրաստվում են 2016 թ. հոկտեմբերի 27-ից 30-ը մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Նա նաև տեղեկացրել է, որ մարզաձևը հետզհետե ավելի մեծ մասսայականություն է ձեռք բերում և Հայաստանում այսօր արդեն պաուերլիֆտինգով զբաղվում են ավելի քան 600 մարզիկներ:

Նախարարը հաջողություն է մաղթել մեր մարզիկներին Եվրոպայի առաջնությունում և հույս հայտնել, որ նրանք պատվով կներկայացնեն մեր երկիրը այդ կարևոր մրցաշարում:
Հիշեցնենք, որ մարզաձևի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացրել են 8 մարզիկներ, որոնք բոլորն էլ արժանացել են մեդալների:
 

Placeholder
Գաբրիել Ղազարյան. «Մարզաձևն օլիմպիական չի համարվում, սակայն այն պակաս դիտարժան չէ»