Գառնիի դիտակայանին կտրամադրվեն  արդիական սարքավորումներ
Հասարակություն
12:30 08/09/2016

Գառնիի դիտակայանին կտրամադրվեն արդիական սարքավորումներ

Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի գրասենյակում տեղի է ունեցել  Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման համար մշտադիտարկման կառույցներին առնչվող աշխատանքների իրականացման մասին ՀՀ Կառավարության և հանձնաժողովի միջև համաձայնագրի ստորագրման արարողությունը:


ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից մանրամասնում են, համաձայնագիրը ստորագրել են Ավստրիայում ՀՀ դեսպան, Վիեննայում գործող միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի Գործադիր քարտուղար Լասինա Զերբոն:

Համաձայնագիրը նպաստելու է ՀՀ և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի միջև համագործակցության հետագա զարգացմանը՝ միջազգային դիտարկումների իրականացման շրջանակներում:

Այն ներառում է Գառնիում տեղակայված դիտարկման կայանի գործունեությունը, ինչպես նաև սպասարկող անձնակազմի կառավարմանը, պահեստամասերի և սարքավորումների դյուրացված ներկրմանը, ինչպես նաև կայանի ֆիզիկական անվտանգությանն առնչվող խնդիրների կարգավորումը: Համակարգը հնարավորություն է տալիս իրականացնել սեյսմիկ իրավիճակի դիտարկում, ինչպես նաև կիրառելի է գիտական և քաղաքացիական այլ նպատակների իրականացման համար:

Ստորագրման հանդիսավոր արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ներկա ընթացքը և զարգացման հեռանկարները: Դեսպան Կիրակոսյանը, մասնավորապես, կարևորել է Գառնիում տեղակայված դիտարկման կայանին ցուցաբերվող մշտական աջակցությունը, որն արտահայտվում է ինչպես համապատասխան արդիական սարքավորումների տրամադրմամբ, այնպես էլ՝ փորձագիտական և խորհրդատվական աջակցությամբ:

Placeholder
Գառնիի դիտակայանին կտրամադրվեն արդիական սարքավորումներ