Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում իշխանության զավթման փորձ կատարելու համար մեղադրվող 4 անձ դատապարտվել է
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, արագացված կարգով քննության արդյունքում, մեղադրական վճիռ կայացրեց 4 դատապարտյալների վերաբերյալ:
Այսպես, դատավոր Արմեն Բեկթաշյանի հրապարակած դատավճռով ամբաստանյալներ Հակոբ Հակոբյանը և Անուշավան Ավետիսյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի զենք ձեռք բերելը, պահելը, իրացնելը) և դատապարտվեցին ազատազրկման՝ համապատասխանաբար 3.5 և 3 տարի ժամկետով:
Մյուս երկու ամբաստանյալներ՝ Ստեփան Չիլինգարյանը և Հարություն Հովհաննիսյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք ձեռք բերելը, պահելը իրացնելը) և դատապարտվեցին 1.5 տարվա ազատազրկման:
Մեղադրական եզրակացության համաձայն, Հակոբ Հակոբյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա Արթուր Վարդանյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով համապատասխան վարձատրության դիմաց զենք, ռազմամթերք ու պայթուցիկ նյութեր հայթայթել և իրեն իրացնել, չիմանալով հանդերձ, որ դրանք նախատեսվում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելը իրականացնելու ժամանակ, նույն հարցով դիմել է ծանոթին` Գյումրի քաղաքի բնակիչ Անուշավան Ավետիսյանին, որից հետո երկուսով, նախնական համաձայնությամբ, ձեռնամուխ են եղել այդ գործընթացին:
Անուշավան Ավետիսյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա Հակոբ Հակոբյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով համապատասխան վարձատրության դիմաց զենք, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր հայթայթել և իրացնել Արթուր Վարդանյանին, չիմանալով հանդերձ, որ դրանք նախատեսվում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելը իրականացնելու ժամանակ, երկուսով, Հակոբ Հակոբյանի հետ նախնական համաձայնությամբ, ձեռնամուխ են եղել այդ գործընթացին:
Հարություն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Անուշավան Ավետիսյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով համապատասխան վարձատրության դիմաց զենք, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր հայթհայթել և իրացնել, չիմանալով հանդերձ, որ դրանք նախատեսվում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելը իրականացնելու ժամանակ, Գյումրիում նրան 900 ԱՄՆ դոլարով իրացրել է:
Ստեփան Չիլինգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Անուշավան Ավետիսյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով համապատասխան վարձատրության դիմաց զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր հայթհայթել և իրացրել, չիմանալով հանդերձ, որ դրանք նախատեսվում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելը իրականացնելու ժամանակ, Գյումրիում նրան 4700 ԱՄՆ դոլարով իրացրել է իր կողմից:
Նշենք, որ այս գործը դատարանում քննվել է արագացված ռեժիմով, քանի որ բոլոր ամբաստանյալները ընդունել էին իրենց առաջադրված մեղադրանքը:
Այս գործը, նկատենք, Նորք Մարաշում 2015 թվականի նոյեմբերի 25-ին հայտնաբերված և ԱԱԾ-ի կողմի վնասազերծված զինված խմբի վերաբերյալ քրեական գործից անջատված մասն էր: Հիմնական գործով մեղադրյալների թիվը շուրջ երկու տասնյակից ավելի էր, որոնց ղեկավարել է Արթուր Վարդանյանը: Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտարարել էր, թե զինված խմբի թիրախում եղել են պետական պաշտոնյաներ, պետական հիմնարկներ՝ Բաղրամյան 26-ը, Ազգային ժողովը, Սահմանադրական դատարանը ևն: