Մայր Աթոռն իր ընթացիկ մեկ մլն  դոլար է փոխանցել Երուսաղեմի  Պատրիարքարանին
Հասարակություն
17:25 08/09/2016
ԼՂՀ

Մայր Աթոռն իր ընթացիկ մեկ մլն դոլար է փոխանցել Երուսաղեմի Պատրիարքարանին

Արցախում ավարտվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Մայր աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, ժողովի օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու վարչական, կանոնական և թեմական կյանքին վերաբերող հարցեր։

Մասնավորապես, Գերագույն հոգևոր խորհրդին տեղեկացվել է, որ համաձայն նախորդ ժողովում կայացված որոշման, նկատի ունենալով Տիրոջ Ս․ Գերեզմանի նորոգության հրատապությունը, ընդառաջ  Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի դիմումին, Մայր Աթոռ Ս․ Էջմիածինն իր ընթացիկ բյուջեից կատարել է  մեկ միլիոն ԱՄՆ դոլար գումարի փոխանցումը Պատրիարքարանին։

Այս առնչությամբ Ամենայն Հայոց Հայրապետի կողմից շրջաբերական է ուղղվել թեմերին՝ հանգանակելու և լրացնելու արդեն հատկացված գումարը, ինչին ի պատասխան որոշ թեմեր և անհատ բարերարներ  արդեն փոխանցումներ են կատարել, տվել նաև խոստումներ։

Ժողովի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկություններ է փոխանցել օգոստոսի 17-27-ը Հնդկաստան կատարած իր այցի վերաբերյալ։ Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հնդկաստանի բոլոր հայկական եկեղեցիները և եկեղեցապատկան կալվածքները Կալկաթայի Ս․ Նազարեթ եկեղեցու վարչության բացառիկ խնամատարության ներքո են։

Աղբյուրի փոխանցմամբ, ժողովին «Դավիդյան» հիմնադրամի նախագահ և բարեգործ Ասո Դավիդյանը զեկույց է ներկայացրել Հայոց Եկեղեցու գործառնությունների բարելավման ծրագրի մասին։ Տիար Դավիդյանն իրազեկել է, որ ընդառաջ Վեհափառ Հայրապետի առաջարկին ստանձնել է ծրագրի աշխատանքների կազմակերպման պատասխանատվությունը: Ծրագրի իրագործման համար ձևավորվելու են գործադիր և խորհրդատվական երկու մարմիններ, որոնք քննության են առնելու ծրագրի իրականացման ուղղություններն ու եղանակները։
Գերագույն հոգևոր խորհուրդը գոհունակությամբ է ընդունել ներկայացված զեկույցը և կատարելով անհրաժեշտ դիտարկումները՝ թելադրել է կատարել անհրաժեշտը ծրագրի բարեհաջող իրականացման համար։

Արցախի թեմի գործունեության մասին զեկույց ներկայացրեց թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Ներկայացվել է, որ 1930 թ․ Բաքվի իշխանության ճնշման ներքո փակված պատմական Արցախի թեմը, որն ուներ այդ ժամանակ գործող 18 վանք, 112 եկեղեցի և 276 հոգևորական, վերաբացվել է 1989 թ․ օրհնությամբ երջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետի։ Ցայսօր թեմում կառուցվել և վերանորոգվել է 70 վանք, եկեղեցի և մատուռ, կառուցման ընթացքում են 9 եկեղեցիներ և մատուռներ։ Հրատարակվել է 86 կտոր հոգևոր գրականություն։

Պարգև Սրբազանը մասնավոր անդրադարձ կատարեց եկեղեցաշինական ծրագրերին՝ ներկայացնելով նաև Ստեփանակերտի առաջնորդանիստ տաճարի կառուցման ընթացքը։
Ժողովն ամփոփվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության և գնահատանքի խոսքով։

Placeholder
Մայր Աթոռն իր ընթացիկ մեկ մլն դոլար է փոխանցել Երուսաղեմի Պատրիարքարանին