Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կառավարության որոշմամբ հաստատվել է ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպությունների գիտական, գիտաարտադրական և արտադրական ձեռքբերումների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և վարման կարգը: Հիմնավորման համաձայն՝ որոշման ընդունումը կնպաստի ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը:
Հաստատված կարգով հիմք կդրվի ՀՀ ռազմարդյունաբերության ոլորտի աշխատանքների համակարգմանը և պաշտպանական միասնական քաղաքականության իրականացմանը:
Մեկ այլ որոշմամբ էլ հաստատվել է ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակի մշակման և վարման` քարտագրման համակարգի ներդրման, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրի ամփոփ ցուցակում ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների գրանցման և ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող կազմակերպությանը բազայինի կարգավիճակ տալու կարգը:
Նման բազայի ստեղծմամբ և ներդրմամբ կբացառվեն` սպառազինության և ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական ունեցվածքի նոր նմուշների ստեղծման համար մշակման աշխատանքների կրկնողությունները, ինչպես նաև հստակ կգնահատվեն ռազմական պետական պատվերներ կատարող կազմակերպությունների հնարավորությունները:
Կառավարությունը նաև հավանությանն է արժանացրել «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրենքի նախագծով հստակեցվում են զինվորական ծառայության անվտանգության ապահովման, զորամասում զինվորական ծառայության կազմակերպման և իրականացման հետ կապված պաշտոնատար անձանց ու զինծառայողների իրավասությունները և պարտականությունները, մարտական դրոշի պահպանման և օգտագործման կարգը: