«Սասնա ծռերի» քաղաքական խորհրդի համակարգողը՝ նոր վարչապետի մասին
Քաղաքական
17:18 08/09/2016
Հայաստան

«Սասնա ծռերի» քաղաքական խորհրդի համակարգողը՝ նոր վարչապետի մասին

Վարչապետի հրաժարականը հետևանքն էր այն սուր ճգնաժամի, որի մեջ գտնվում է այս վարչախումբը և ելքեր է փնտրում: Այդ մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի անդամ, «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի համակարգող Ալեք Ենիգոմշյանը, որը հուլիսյան դեպքերից հետո մեղադրվում է կազմակերպված հանցավոր խմբին օժանդակելու համար:

«Վարչապետի կամ կառավարության փոփոխություն, ամենայն հավանականությամբ, կլիներ, սակայն դա արագացվեց «Սասնա ծռերի» գործողության արդյունքում ստեղծված իրավիճակում», -հավելեց նա:

Բարձրագույն իշխանությունը, ըստ Ենիգոմշյանի, «շատ լուրջ» խնդիրների առջև է կանգնած՝ տնտեսական ճգնաժամ, բյուջեում գումարների սղություն, և լուծում չի գտնում: Այդուհանդերձ, այս իրավիճակում է, նրա խոսքով, «վարչախումբը պատրաստվում է ընտրությունների»:

Նա մտահոգիչ է համարում, որ վարչապետի պաշտոնում շրջանառվում է Կարեն Կարապետյանի անունը:

«Խոսքը Կարեն Կարապետյան անձին չի վերաբերում, այլ թե ինչ է իրենից ինքը ներկայացնում: Այսինքն՝ այդ անձնավորությունը պարզ է, որ Մոսկվայի պաշտոնյան է: Այսինքն՝ մենք հասել ենք այն փուլին, որ Հայաստանի իշխանության հանձնումը Ռուսաստանին մեկ աստիճան ևս մագլցել է, և Ռուսաստանի պաշտոնյան դառնում է Հայաստանի վարչապետ», -նշեց Ալեք Ենիգոմշյանը:

Անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահի հայտարարությանը, թե «Սասնա ծռերի» գործողությունները դեղին քարտ էին իշխանություններին, Ենիգոմշյանն ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել այդ հայտարարությունը և հստակեցրեց.

««Սասնա ծռերի» գործողությունը ժողովրդի գործողությունն էր, իսկ կատարողները Սասնա ծռերը: Դա դեղին քարտ չի: Դեղին քարտը լինում է, երբ զգուշացնում ես՝ այսպես շարունակելու դեպքում կարող է քեզ հետ այսպես վարվեն: Սա մեր ժողովրդի ցասումն էր այս վարչախմբի դեմ և ելնում էր այն փաստից, որ բոլոր խաղաղ ձևերը իրավիճակ փոխելու սպառվել են»։

Placeholder
«Սասնա ծռերի» քաղաքական խորհրդի համակարգողը՝ նոր վարչապետի մասին