Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեկնարկում է «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը
Սեպտեմբերի 9-15-ը Հայաստանի Լոռու, Շիրակի մարզերում և Երևանում կանցկացվի «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 11-րդ փառատոնը: Փառատոնն այս տարի նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին,-լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը:
«Այս փառատոնն արվում է տիկնիկային արվեստի քարոզչության նպատակով: Այս արվեստը մեր Հանրապետությունում ունի շատ լավ ավանդույթներ»,- նշեց նա՝ հավելելով, որ փառատոնը նպաստելու է այդ մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը:
Ըստ նրա, «Թումանյանական հեքիաթի օր»-ն այն բացառիկ փառատոներից է, որ իսկապես վերածվում է տոնի:
«Նշեմ կարևոր մի հանգամանք. փառատոնն ունի առաջընթաց, զարգացում, աշխատանքի արդյունք: Կարևոր է, որ հեռավոր մարզեր են մեկնում միջազգային տարբեր խմբեր: Կան խմբեր, որոնք արդեն մի քանի անգամ մասնակցել են այս փառատոնին, ամեն անգամ ցանկություն են հայտնում էլի գալ ու մասնակցել»,- ասաց Ա.Ղազարյանը:
Ասուլիսին ներկա «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան» տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության նախագահ Արմեն Սաֆարյանն ասաց, որ փառատոնին կմասնակցեն տիկնիկային թատրոններ Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Իտալիայից, Հունգարիայից և այլ երկրներից:
Նա տեղեկացրեց, որ ավանդույթի համաձայն, փառատոնի մեկնարկը կտրվի ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղում, սեպտեմբերի 9-ին՝ Հ. Թումանյանի հուշարձանին ծաղկեդրման արարողությամբ: Դսեղում փառատոնի մասնակիցները կդիտեն Հ. Թումանյանի «Շունն ու կատուն» տիկնիկային ներկայացումը՝ նվիրված բալլադի 130-ամյակին:
Փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա սեպտեմբերի 10-ին Գյումրի քաղաքի «Թռչունյան տուն» մանկատանը: Փառատոնի ծրագիրը ներառում է «Երեկոյան ակումբ», որի ընթացքում կկայանան ներկայացումների քննարկումներ, մտքերի փոխանակում, հանրահայտ տիկնիկային գործիչների կողմից կանցկացվեն «Տիկնիկները հանուն խաղաղության», «Տիկնիկային արվեստը և երեխաների ազատ ժամանցի կազմակերպումը», «Երջանիկ մանկություն՝ երջանիկ ապագա» և այլ թեմաներով վարպետության դասեր: Փառատոնի շրջանակում կկազմակերպվեն նաև էքսկուրսիաներ, կցուցադրվեն տեսաֆիլմեր:
Ա.Սաֆարյանն ասաց, որ Շիրակի վեց քաղաքում կազմակերպելու են ներկայացումներ՝ հրավիրելով նաև հաևան գյուղերի փոքրիկներին: Նա նշեց, որ արտասահմանյան թատերախմբերը ներկայացումները խաղում են իրենց լեզուներով, սակայն երեխաների համար ամեն ինչ հասկանալի է լինում:
«Նախ այնպիսի ներկայացումներ են ընտրվում, որոնց տեքստային մասը քիչ է, հիմնականում շարժումներ են, բացականչություններ: Իսկ եթե կան այնպիսի ներկայացումներ, որոնց տեքստային մասը շատ է, ներկայացումից առաջ մենք երեխաներին հայերեն պատմում ենք հեքիաթի բովանդակությունը»,- ասաց Ա. Սաֆարյանը:
Փառատոնին աջակցում է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը: Ասուլիսին ներկա ընկերության հանրային գործերի և հաղորդակցության տնօրեն Էլինա Մարգարյանն ասաց, որ իրեց ընկերությունն իր 20-ամյա գործունեության ընթացքում աջակցում է մշակութային ծրագրերին, միջոցառումներին ու շատ է կարևորում այդ աջակցությունը:
«Միանշանակ, մեր կազմակերպությունը կարևորում է այս փառատոնը, քանի որ Երևանում, մարզերում մեր փոքրիկ բնակիչներին ուրախություն է պատճառով այս միջոցառումը»,- ասաց նա: