Արթուր Սարգսյանը գտնվում է ՔԿՀ-ում ոչ հաց տանելու համար. Գլխավոր դատախազի թեկնածու
Իրավունք
15:33 09/09/2016
Հայաստան

Արթուր Սարգսյանը գտնվում է ՔԿՀ-ում ոչ հաց տանելու համար. Գլխավոր դատախազի թեկնածու

Արթուր Սարգսյանին, ով հայտնի է որպես «Սասնա ծռերին» «հաց բերող» անունով, մեղադրանք է առաջադրված զինված խմբի անդամներին օժանդակության համար: Այդ մասին այսօր ԱԺ-ում Հանրապետական խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո ճեպազրույցում հայտարարեց Գլխավոր դատախազի պաշտոնի թեկնածու Արթուր Դավթյանը:

«Նրա մեղադրական եզրակացությունը, որը գաղտնիք չէ, կարող եք ունենալ ձեր ձեռքի տակ, չի արտացոլվում հաց տանելով: Նա օրեր շարունակ գտնվել է զինված խմբի հետ և տեղում իր համապատասխան գործունեությամբ ապահովել է զինված խմբի հանցավոր գործունեության արդյունավետությունը», -ներկայացրեց Դավթյանը:

Դիտարկմանը, թե Արթուր Սարգսյանը փորձել է դուրս գալ, ոստիկանների կողմից կրակել են, չեն թողել, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Այդպիսի տեղեկություն քննությունը չունի: Չգիտեմ՝ ձեզ որտեղից այդպիսի տեղեկություն: Հաց տանելը չի կարող սխալ կամ մարդկայնորեն վատ բան համարվել: Բայց կոնկրետ իրավիճակում մենք չունեինք սովի մեջ մեռնող մարդիկ: Մենք ունենք մի արարք, որ կոնկրետ անձը գտնվում է ՔԿՀ-ում ոչ հաց տանելու համար: Հետևաբար իրավական առումով և նաև մարդկային առումով հաց տանելը չի դատապարտվել»:

Նշենք, որ օգոստոսի 2-ին Արթուր Սարգսյանին, որը ՊՊԾ գնդում գտնված «Սասնա ծռերի» անդամներին ընդամենը սնունդ էր հասցրել, նույն մեղադրանքն էր առաջադրվել, ինչ «ծռերին»՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):

Սակայն օգոստոսի 4-ին փոխվել էր Սարգսյանի մեղադրանքը, և նա այժմ էլ մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամներին օժանդակելու համար:
 

Placeholder
Արթուր Սարգսյանը գտնվում է ՔԿՀ-ում ոչ հաց տանելու համար. Գլխավոր դատախազի թեկնածու