«Սասնա ծռերի» կոնկրետ անդամներին ոստիկանների սպանության համար մեղադրանքներ կառաջադրվեն. Ա.Դավթյան
Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գնդի զավթման գործով Հատուկ քննչական ծառայությունը օպերատիվ, լայնածավալ քննություն է իրականացնում և ոստիկանների սպանության առումով կան որոշակի արդյունքներ: Այդ մասին այսօր ԱԺ-ում Հանրապետականխմբակցության անդամների հետ հանդիպումից հետո ճեպազրույցում հայտարարեց Գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար, Գլխավոր դատախազի պաշտոնի թեկնածու Արթուր Դավթյանը:
«Օրենքով սահմանված կարգով, երբ կհավաքվեն բավարար ապացույցներ, և դրանց համակցությունը ապահովելու դեպքում կոնկրետ մեղավոր անձանց մեղադրանքներ կառաջադրվեն», -հավելեց պաշտոնյան:
Հստակեցմանը, թե մեղադրանքներ կառաջադրվեն միայն «Սասնա ծռերի» անդամների՞ նկատմամբ, Դավթյանը պատասխանեց կարճ՝ «Բնականաբար»:
Լրագրողները հիշեցրին նախկին գլխավոր դատախազի հայտարարույթունը, թե եթե «Սասնա ծռերը» կամովի հանձնեն զենքը, ապա նրանց նկատմամբ չիկիրառվի քրեական հետապնդում: Արձագանքելով լրագրողներին Դավթյանը պատասխանեց.
«Այն հոդվածները, որոնցով որ հարուցվել է նրանց նկատմամբ քրեական գործը և մեղադրանքներ էին առաջադրվել, ունեն խրախուսական նորմեր: Բայց թե որքանով են խրախուսական նորմերով նախատեսված փաստերը կոնկրետ դեպքում առկա, ցույց կտա քննությունը: Այսինքն՝ քննությամբ պետք է հիմնավորվի՝ արդյոք ունեցե՞լ ենք կամովին հանձնում, կամովին պատանդների ազատում, շենք-շինությունների ազատում: Վերջնական իրավական գնահատականները կտրվեն քննության արդյունքներով»:
Հիշեցնենք՝ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով: Մահացել էին ոստիկաններ Արթուր Վանոյանը, Յուրի Տեփանոսյանը և Գագիկ Մկրտչյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ճշտվել է «Սասնա ծռերի» մոտ եղած ապօրինի ինքնաձիգների աղբյուրը. ՀՔԾ
- ՊՊԾ շենքը զավթելու և պահելու գործով նշանակվել է 87 փորձաքննություն
- ՀՔԾ պետը ԱՄՆ դեսպանին վստահեցրել է, որ ՊՊԾ գնդի վերաբերյալ քրգործերով կատարվում է «օբյեկտիվ քննություն»
- Վերջին հրաժեշտը տվեցին ՊՊԾ գնդի գրավման օրը վիրավորվելու հետևանքով զոհված ոստիկանին
- ՊՊԾ գնդի գրավման օրը վիրավորված ոստիկանը մահացավ
- ՊՊԾ գնդից առանց զենքի դուրս գալը տղաներին քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք է. Փաստաբան