Լոնդոնի Ազգային պատկերասրահին մեղադրում են Մատիսի կտավը գողանալու մեջ
Լոնդոնի Ազգային պատկերասրահի դեմ հայց է ներկայացվել ֆրանսիացի նկարիչ և քանդակագործ Անրի Մատիսի կտավը «գողանալու» համար: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Բի-Բ-Սի-ին:
Նյու Յորքի դաշնային դատարան դիմելու համար առիթ է հանդիսացել Մարգարիտա (Գրետա) Մոլլի դիմանկարը, որը Մատիսը նկարել է 1908 թվականին: Հայցվորներն են Մոլլի երեք թոռները:
Նրանք պնդում են, որ թանգարանն ապօրինի ցուցադրում է այդ կտավը: Նրանց խոսքով՝ նկարը գողացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և իրականում պատկանում է իրենց: Մոլլի թոռները փորձում են վերադարձնել տատիկի նկարն արդեն հինգ տարի: Այն չվերադարձնելու դեպքում նրանք պահանջելու են փոխհատուցում 30 միլիոն դոլարի չափով:
Լոնդոնի Ազգային պատկերարահը հայտարարել է, որ ստացել են իրավաբանական փաստաթղթեր: Թանգարանը ներկա պահին այլ մեկնաբանություններ չի տալիս: