Մեր ամբողջ քաղաքը և Սյուզի գիտի, և Եպրաքսի գիտի. ՀԱԿ-ը՝ Գյումրիում
Այսօրվանից Գյումրիում մեկնարկում են ավագանու ընտրությունները, որի արդյունքում ընտրվելու է քաղաքապետ, և Հայ Ազգային կոնգրես կուսակցությունը ասուլիսում ներկայացրեց իրենց համամասնական ցուցակը գլխավորող թեկնածուին:
«Բոլորիդ քաջ ծանոթ, մեր սիրելի Սյուզին», -ասուլիսում ներկայացրեց Գյումրիում ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե Սյուզի են ներկայացնում, բայց քվեաթերթիկում և համամասնական ցուցակում նշվում է՝ Եպրաքսյա Մեխակյան, Գրիգորյանը արձագանքեց. «Մեր ամբողջ քաղաքը և Սյուզի գիտի, և Եպրաքսի գիտի: Առաջին տարին չի, իր աշխատանքային կենսագրությամբ Սյուզին հասցրել է ճանաչելի և հարգված լինել ամբողջ Գյումրիում»:
Նշենք, որ Եպրաքսյա Մեխակյանը ՀԱԿ կուսակցության անդամ չէ և «Շրջադարձ» շաբաթաթերթի հիմնադիրն է:
Ասուլիսին ներկա էր նաև ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, որն ասաց, թե հպարտ է նման արարողությանը մասնակցելու համար: Գյումրիում ՀԱԿ-ի ընտրարշավի կարգախոսն է լինելու՝ «Ընտրիր փոփոխություն»:
«Եվ ահա, պարզվեց, որ առաջին մարդը, որն արձագանքեց մեր կարգախոսին, դա Սերժ Սարգսյանն էր, որն իրականացրեց վարչապետի փոփոխություն, և ամբողջ հանրապետական վերնախավը սկսել է խոսել փոփոխության մասին: Ստարտը մենք տվեցինք, փաստորեն», -հայտարարեց Զուրաբյանը:
Նրա խոսքով, վարչապետների փոփոխությամբ երկրում որևէ բան չի փոխվի և կփոխվի միայն օրինական ընտրություններով և իշխանության գան «հոգատար, համարձակ, մաքուր մարդիկ»:
Զուրաբյանը բացատրեց, որ իրենց ցուցակի 1-ին հորիզոնականի՝ Սյուզի Մեխակյանի ընտրությունը՝ պատահական չէ և դրանով իրենք փորձում են ասել «շատ կարևոր բան».
«Ժամանակն է, որ Հայաստանում նույնպես կանանց դերը լինի այնպես մեծ, ինչպես առաջատար երկրներում: Եվ պատկերացրեք, որ Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, իշխանության է գալիս ժողովրդի կողմից ընտրված կին քաղաքապետ: Սա եթե կուզեք, այն է, ինչ ասում են գենդերային քարոզչության տարբեր ճարտարապետներ: Մեկ հարվածով Հայաստանում կիրականացվի գենդերային հեղափոխություն»:
Նշենք, որ ՀԱԿ համամասնական ցուցակի եռյակը Գյումրիում այսպիսին է՝ Եպրաքսյա Մեխակյան, Արման Գալոյան և Արտյոմ Հակոբյան: