ՀԱՕԿ-ը որևէ առնչություն չունի Ղրղզստանում անցկացված փառատոնի մասնակիցների հետ
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նույնպես հանդես է եկել հայտարարությամբ՝ այն մասին, որ որևէ կապ չունի Ղրղզստանում կայացած «Քոչվորների համաշխարհային խաղեր» փառատոնին մասնակցած մարզիկների հետ:
«Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեն որևէ առնչություն չունի Ղրղզստանում անցկացված «Քոչվորների համաշխարհային խաղեր» փառատոնին մասնակցած մարզիկների հետ: Ավելին՝ համաձայն Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի կանոնադրության` Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ՀԱՕԿ պատվիրակությունները կարող են մասնակցել բացառապես Միջազգային Օլիմպիական Կոմիտեի կողմից կազմակերպվող մրցաշարերին, հանդիպումներին, կոնֆերանսներին»,- նշված է հայտարարության մեջ, որը մեջբերել է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ավելի վաղ նույնպիսի հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը՝ ընդգծելով, որ երկրի սպորտի ղեկավար մարմինը տեղյակ չէ, թե ովքեր են մասնակցել այդ խաղերին, քանի որ նրանք գործել են ինքնուրույն՝ առանց իրենց հետ համաձայնեցնելու։
Այսպիսով՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու ՀԱՕԿ-ը չեն կարողանում վերահսկել հայաստանյան մարզական կյանքն ու մարզիկների գործունեությունը։ Դրան հավատալը դժվար է, և հետագա զարգացումները, Ղրղզստան մեկնած պատվիրակության անդամների վերաբերյալ որոշումները ցույց կտան, թե մարզական պաշտոնյաները որքանով են տեղեկացված կամ անտեղյակ եղել։