Պարույր Հայրիկյան. Այստեղ հրաման է
Քաղաքական
12:22 09/09/2016
Հայաստան

Պարույր Հայրիկյան. Այստեղ հրաման է

«Աշխարհում ընդունված է, որ հրաժարական տվողը հիմնավորապես ներկայացնի հրաժարականի պատճառները, մանավանդ՝ եթե կուսակցություն է ներկայացնում, ապա այդ կուսակցության պատասխանատուները խոսեն, թե ինչն իրենց ստիպեց, ունենալով խորհրդարանական մեծամասնություն, փոխել իրենց վարչապետին,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Ըստ նրա, վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործունեության ողջ ընթացքում որևէ ինքնաքննադատական խոսք չի լսվել, այլ՝ ամեն ինչ լավ է, ամեն ինչ դեպի լավն է գնում, իրականացվում են նախընտրական ծրագրերը և իրենց բոլոր խոսումները, և հանկարծ հրաժարական:

«Դա չի համապատասխանում մարդկությանը հայտնի քաղաքագիտական չափորոշիչներին»,- ասաց նա:

Ըստ Պ. Հայրիկյանի, Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք տեղի է ունեցել մարդու իրավունքների զանգվածային կոպտագույն խախտում՝ կեղծվել է Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքները, բացի այդ՝ գրանցվել է տնտեսական անկում, արտագաղթի տեմպերի աճ: 

ԱԻՄ առաջնորդի խոսքով, անցյալ շաբաթների ընթացքում հնչած ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու գաղափարը թերևս պահանջում էր այդպիսի քայլի կատարում, բայց պաշտոնական, ոչ պաշտոնական հայտարարություն այդ մասին չի եղել:

«Եթե իսկապես կա ազգային համաձայնության կառավարության ձգտում, եթե այդ նպատակով են պետական համակարգում արվում այս փոփոխությունները, ապա ազգային համաձայնության կառավարության հիմնական դեմքը վարչապետն է: Այսօր վարչապետ է նշանավել մի մարդ, ում մեկ ամսվա աշխատավարձն ավելի է, քան որպես վարչապետ ստանալիք աշխատավարձը հինգ տարում: Այսինքն այդ մարդն աշխատավարձի համար չի եկել: Այսինքն ինքը վարչապետ լինել չի համաձայնվել նյութական նկատառումներով:

Կարեն Կարապետյանի հետ մեկ անգամ եմ առնչություն ունեցել, բավական  լուրջ  հարցով,  անկեղծ ասեմ՝ հիացած եմ իր գիտական մոտեցմամբ: 

Խոսքը չի վերաբերում իր անձին: Իր անձը չի այստեղ մեր ուշադրության կենտրոնում: Ազգային համաձայնության հասնելու գաղափարը, եթե իսկապես այդպիսին կա, պետք է սկսվեր նրանից, որ քաղաքական ուժերը քննարկում անցկացեին, գոնե պետք է ՀՀԿ-ն քննարկում անցկացներ: Այստեղ հրաման է»,- ասաց Պ. Հայրիկյանը:

Placeholder
Պարույր Հայրիկյան. Այստեղ հրաման է