Գյուղատնտեսության փոխնախարարը՝ խաղողագործներին. Խնդիրները ժամանակավոր են
Հասարակություն
13:42 09/09/2016
Հայաստան

Գյուղատնտեսության փոխնախարարը՝ խաղողագործներին. Խնդիրները ժամանակավոր են

Այսօր վերամշակողները խուսափում են պայմանագրեր կնքել գյուղացիական տնտեսությունների հետ, քանի որ իրացման խնդիր ունեն:

 «Մթերված խաղողի գումարները արդեն 1 տարի է, չեն վճարել խաղողագործներին. ոլորտում առկա խնդիրները» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Նա նշեց, որ վերամշակողների հետ ամենօրյա աշխատանքներ են տարվում, հանդիպումներ են կազմակերպվում նախարարի հետ:

«Այսօր երկու խնդիր ունենք՝  ծավալների և վճարումների:  Հիմա առաջին խնդիրն է՝ ապահովել ծավալները, որպեսզի խաղողը չմնա վազերին, գյուղացիական տնտեսություններն այս առումով խնդիրներ չունենան: Երկրորդն, ինչպես նշեցի, վճարումներն են»,- ասաց փոխնախարարը:

Ըստ Ռ. Մակարյանի, վերամշակողների մեծ մասի մոտ կա վարկերի ծանրաբեռնվածություն, ունեն գրավի անբավարարության,  իրացման խնդիրներ:

Նա ասաց, որ վերամշակող ընկերությունների պարտքը կազմում է 800 միլիոն դրամ՝ ընդհանուր 31,5 միլիարդ դրամից. «Հիմնականում 10-12 կազմակերպություն են,  բացի մեկից, մնացածը վճարումներն իրականացնում են ըստ գրաֆիկի, պարտքերը մարում են:

Փոխնախարարն ասաց, որ 2011 թվականից անընդհատ աշխատել են վերամշակողների հետ որպեսզի գյուղացիական տնտեսությունների հետ պայմանագրեր կնքեն. «Մինչև 2015 թվականը պայմանագրերը շուրջ 2,5 անգամ աճել էին»:

Ռ. Մակարյանն ընդգծեց, որ մինչև 2015 թվականը խաղողի իրացման գլոբալ պրոբլեմ չի եղել Հանրապետությունում, քանի որ շուկան որոշում էր պահանջարկի, առաջարկի հարաբերակցությունը:

«2015-ին առաջացան խնդիրներ՝ կապված ռուսական ռուբլու արժեզրկման, գնողունակության անկման հետ: Այս խնդիրը շարունակվում է  նաև հիմա: Սա ժամանակավոր է:  Հոռետեսական տրամադրությունները, որ պետք է խաղողի այգիները քանդել, վերացնել, այլ բան մշակել, ժամանակավոր են: Ամբողջ աշխարհում է գյուղմթերքների գնանկում արձանագրվել, միայն Հայաստանով կամ Ռուսաստանով չէ»,- նշեց փոխնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
Գյուղատնտեսության փոխնախարարը՝ խաղողագործներին. Խնդիրները ժամանակավոր են