Ռաուլ Սենդիկ. Ուրուգվայը սատարում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը
Քաղաքական
13:03 09/09/2016
Հայաստան

Ռաուլ Սենդիկ. Ուրուգվայը սատարում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

Ուրուգվայը սատարում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը և դեմ է հիմնախնդրի ռազմական ճանապարհով լուծման ցանկացած փորձի: Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպմանն ասել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ռաուլ Սենդիկը: 

ԱԺ փոխնախագահն ասել է, որ Ադրբեջանը պետք է հարգի արցախահայության ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման սկզբունքը:

«Բանակցային գործընթացում միակ խոչընդոտ ստեղծողն Ադրբեջանն է, որը դրսևորում է անթույլատրելի վարքագիծ»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:

Հայկական պատվիրակության անդամներ Սուքիաս Ավետիսյանն ու Միքայել Մանուկյանն էլ ընդգծել են, որ Ադրբեջանը պատրաստ չէ երկխոսության:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ,  աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Ուրուգվայ պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը եւ Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Ռաուլ Սենդիկի հետ:

Կողմերը կարևորել են երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը: Երկուստեք նշվել է, որ չնայած մեծ հեռավորությանը՝ Հայաստանն ու Ուրուգվայը բարեկամ երկրներ են:

ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ նշել է, որ Ուրուգվայն աշխարհում առաջին երկիրն էր, որը, 1965 թվականին ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, ցրեց թուրքական ժխտողականության խավարը:

«Մենք պետք է միասնաբար պայքարենք ընդդեմ թուրքական ժխտողականության: Թուրքիան ի վերջո պետք է առերեսվի սեփական պատմությանը»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

Ուրուգվայի փոխնախագահ Ռաուլ Սենդիկն իր հերթին կարևորել է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:

Placeholder
Ռաուլ Սենդիկ. Ուրուգվայը սատարում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը