Վրաստանի փոխվարչապետը հրաժարական է տվել
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին բավարարել է փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հրաժարականի մասին դիմումը: Այս մասին գրում է Sputnik-georgia.ru-ն՝ հղում անելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայությանը:
Կալաձեն որոշել է առաջադրվել խորհրդարանում, այդ պատճառով էլ, համաձայն օրենքի, նա հրաժարական է տվել: Խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 8-ին:
«Այսօրվանից ես այլևս ձեր նախարարը չեմ: Ցանկանում եմ ձեզ հաջողություններ մաղթել: Այս ամենն ինձ համար մի փոքր հուզիչ է»,- դիմելով աշխատակիցներին՝ ասել է Կալաձեն:
Նախկին նախարարը շնորհակալություն է հայտնել բոլոր աշխատակիցներին արդյունավետ աշխատանքի համար և նշել, որ հպարտանում է նրանց հետ աշխատելու հնարավորություն ունենալու համար: