Դատախազների հավաքին Հայաստանը ներկայացրել է ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարը. ՉԻ
Օրվա մամուլ
08:54 09/09/2016

Դատախազների հավաքին Հայաստանը ներկայացրել է ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարը. ՉԻ

«Չորրորդ իշխանություն»-ը գրել է. «Հայաստանում լրիվ անհասկանալի վիճակ է։  Եվ այդ վիճակը անթաքույց հրճվանքով  ՀՀ իշխանությունները  մատուցում են դրսում։  Բանից պարզվում է՝ սեպտեմբերի 7-ին  ԱՊՀ երկրների  գլխավոր դատախազները  Մինսկում սկսել են ուսումնասիրել  ահաբեկչության և ծայրահեղականության դեմ  պայքարի փորձը։   Հենց այս օրն էլ Մինսկում կայացել է Անկախ Պետությունների Համագործակցության  մասնակից երկրների  գլխավոր դատախազների  համակարգող 26-րդ  նիստը։

Նիստին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի,  Բելառուսի,  Ղազախստանի,  Ղրղըզստանի,  Մոլդովայի,  Ռուսաստանի, Տաջիկստանի,  Ուզբեկստանի գլխավոր  դատախազությունների, ինչպես նաև ԱՊՀ-ի մասնակից երկրների  գլխավոր դատախազների  համակարգող խորհրդի  քարտուղարության և  ԱՊՀ-ի գործադիր  կոմիտեի պատվիրակությունները։  Քննարկման օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է եղել Հայաստանի  դատախազության մարմինների  հսկողությունը  տնտեսական գործունեության  ոլորտում կատարված  հանցագործությունների  հետաքննության  նկատմամբ։ Հայաստանից՝ որպես  դատախազ,  մասնակցել է  ՀՀ Քննչական կոմիտեի  ղեկավարը։ 

Ծիծաղելի է, չէ՞։  Կասեք՝ Հայաստանն այս պահին  պաշտոնապես չունի գլխավոր դատախազ,  բայց մյուս կողմից էլ մեր երկիրն ունի  գլխավոր դատախազի պարտականությունների  ժամանակավոր պաշտոնակատար,  որը կարող է Հայաստանը ներկայացնել դատախազների հավաքին։  Մնում է մխիթարվել նրանով, որ  Հայաստանն այս հավաքին դատախազի կարգավիճակ «չի դրել»,  ասենք,  Գալուստ Սահակյանի կամ մեկ ուրիշի վրա»։

Placeholder
Դատախազների հավաքին Հայաստանը ներկայացրել է ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարը. ՉԻ