Լյուդմիլա Սարգսյանը տրամաբանական չի համարում վարչապետի հրաժարականը. «Առավոտ»
ՎՍԴՀԿ ատենապետ, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի հրաժարականի պատճառը նախկին վարչապետի աշխատանքով չի պայմանավորում։
«Առավոտ»-ի հետ զրույցում նա ասել է. «Ես չեմ կարծում, որ լավ կամ վատ աշխատանքով էր պայմանավորված Հովիկ Աբրահամյանի հրաժարականը։ Այդ հրաժարականն ավելի շատ ներքաղաքական վերադասավորումների համատեքստում եմ դիտարկում։ Երբ հուլիսյանը դեպքերից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց ազգային համաձայնության կառավարության ստեղծման մասին, որպեսզի կարողանան հասարակության կրքերը մեղմել և մասամբ գոհացնել որոշ ակնկալիքներ, արդեն իսկ հասկանալի էր, որ իշխանական վերնախավում ինչ-ինչ վերադասավորումներ պիտի տեղի ունենան։
Եվ քանի որ խոսքը ազգային համաձայնության կառավարության մասին էր՝ կարելի էր ենթադրել այս սցենարը։ Բայց ինքս տրամաբանություն չէի տեսնում այս փուլում կառավարության փոփոխության, քանի որ առջևում ընտրություններ են։ Չեմ կարծում, որ նոր ձևավորվելիք կառավարությունը կարող է շատ արագ և արմատական փոփոխություններ մտցնել մեր երկրի տնտեսության մեջ, որոնք կարող են բարձրացնել իշխանության վարկանիշը։ Ամեն դեպքում, այս ամենը պետք չէ ցավոտ տանել»։