Ակրոբատն ու կրկեսի արտիստը` «Մանչեսթեր Յունայթեդում»
Մինչ բոլորը քննարկում են վաղը կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» դերբին, մանկունյանցիների մասին հետաքրքիր բացահայտումներ է կատարել թիմի ակադեմիայի տնօրեն Նիկի Բատը:
Պարզվում է, «Մանչեսթեր Յունայթեդն» աշխատանքի է ընդունել ակրոբատի և կրկեսի արտիստի, իսկ թե ինչ նպատակով, «The Mirror»-ին տված հարցազրույցում պատմել է Բատը: Նրա խոսքերով` նման քայլի շնորհիվ երիտասարդ ֆուտբոլիստներն ավելի քիչ վնասվածքներ կստանան ու կլինեն առավել շարժուն:
«Տեսնում եմ, որ մեր ակադեմիայի ֆուտբոլիստները քիչ են շարժվում, չգիտեն, ինչպես թռչեն, պտտվեն: Այդ պատճառով էլ նրանք անընդհատ վնասվածքներ են ստանում: Ծառից երևի թե 15 անգամ ընկել եմ, սակայն ոչ մի անգամ որևէ վնասվածք չեմ ստացել, բայց հիմա չեմ կարծում, որ իմ տղան կարող է ծառ բարձրանալ: Մարմնի ճկունությունը կորում է, երբ նման բաներով չեք զբաղվում: Ֆուտբոլից բացի պետք է խաղալ ռեգբի, կրիկետ, բասկետբոլ և զբաղվել այլ մարզաձևերով»,- ասել է Բատը:
Հավելենք, որ ակադեմիայի ներկայիս տնօրենը 11 տարի հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում» (1993-2004): Այդ ընթացքում 6 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 3 անգամ` գավաթակիր: 1999 թ. նա թիմի հետ միասին դարձել է Չեմպիոնների լիգայի խաղարկության հաղթող: