Հենրիխ Մխիթարյան. «Պատրաստ եմ հնարավորինս շուտ լավ մարզավիճակ ձեռք բերել»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ իր թիմի կազմում կան վնասվածք ունեցող 5 ֆուտբոլիստներ, սակայն նրանցից յուրաքանչյուրն էլ կարող է մասնակցել «Մանչեսթեր Սիթիի» հետ վաղը կայանալիք հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է «The Mirror»-ը:
«Բոլոր ֆուտբոլիստներն էլ կարող են խաղադաշտ դուրս գալ: Իհարկե, լավ կլիներ, որ բոլոր տղաներն էլ մեկ շաբաթ առաջ այստեղ լինեին, մարզվեին, հանգստանային և ոչ թե ճանապարհորդեին աշխարհով մեկ: Այնուամենայնիվ, բոլորն էլ ժամանել են և կհասցնեն գոնե մեկ մարզում անցկացնել: Նրանցից յուրաքանչյուրն էլ պատրաստ է խաղալ և ուզում է մասնակցել այս դիմակայությանը:
Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին, ապա նա ևս ապաքինվել է: Դեռ չեմ կարող ասել, կկարողանա՞ 90 րոպե անցկացնել խաղադաշտում, թե՞ ոչ, սակայն օգնել թիմին` միանշանակ կարող է»,- ասել է Մոուրինյոն:
Մխիթարյանը, իր հերթին, թվիթերյան իր էջում գրառում է կատարել, որտեղ ևս ցանկություն է հայտնել մասնակցել դիմակայությանը:
«Դժվար աշխատանքի ու պրոֆեսիոնալիզմի հիմքում ընկած է այն փաստը, որ ես սիրում եմ ֆուտբոլը: Վստահ չեմ, որ կկարողանամ մասնակցել դերբիին, բայց ես մոտիվացված եմ ինչպես միշտ և պատրաստ եմ հնարավորինս շուտ լավ մարզավիճակ ձեռք բերել»,- գրել է Մխիթարյանը`շնորհակալություն հայտնելով երկրպագուներին աջակցության ու բազմաթիվ նամակների համար:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Չեխիայի հետ կայացած ընկերական խաղում և չկարողացավ օգնել Հայաստանի ընտրանուն` աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Դանիայի հավաքականի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: